ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԻԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 29 սեպտեմբերի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ քաղաքացիների առանց վիզաների այցելությունների մասին 1999 թվականի դեկտեմբերի 24-ին Կիեւում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ քաղաքացիների առանց վիզաների այցելությունների մասին համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Կիեւում։ Համաձայնագրի նպատակն է ապահովել պայմանավորվող պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը եւ կարգավորել այդ պետությունների քաղաքացիների փոխայցելությունների ռեժիմը։
Քննության առարկա համաձայնագրով կողմերը փոխադարձաբար պարտավորվում են թույլատրել մի Կողմի պետության քաղաքացիներին մյուս Կողմի պետության տարածք մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել եւ այնտեղ գտնվել առանց մուտքի արտոնագրի։
Երկու պետությունների կողմից՝ միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի փոխայցելությունների կարգի սահմանումն ընդլայնում է ՀՀ Սահմանադրության 22 հոդվածում եւ Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12 հոդվածում ամրագրված՝ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացման սահմանները։
Համաձայնագրի հավելվածում տրված է միմյանց տարածք մուտք գործելու եւ այնտեղից դուրս գալու համար Կողմերի պետությունների քաղաքացիների վավերական փաստաթղթերի ցանկը։ Կողմերը պարտավորվում են մինչեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելը փոխանակել այդ փաստաթղթերի նմուշները, իսկ նոր փաստաթղթեր գործողության մեջ դնելու կամ գործող փաստաթղթերի մեջ փոփոխությունների դեպքում՝ դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնել դրանից 30 օր առաջ։
Համաձայնագրով Կողմերին իրավունք է վերապահվում ամբողջովին կամ մասամբ դադարեցնել համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության, հասարակական կարգի կամ բնակչության առողջության պաշտպանության շահերից ելնելով։
Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով։ Նախատեսված է համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարեցնելու, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով« «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ քաղաքացիների առանց վիզաների այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
29 սեպտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 257