ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ՌԻԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 3 հոկտեմբերի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի« Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Գ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Լատվիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին 2000 թվականի մարտի 15-ին Ռիգայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Պողոսյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Կոնվենցիայի ստորագրման նպատակն է հարկային բնագավառում Կողմերի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց շահերը պաշտպանելու՝ կրկնակի հարկումը բացառելու« հարկերի վճարումից խուսափելը կանխելու եւ հարկային խտրականություն թույլ չտալու միջոցով զարգացնել եւ ամրապնդել Կողմերի միջեւ տնտեսական, գիտական, տեխնիկական ու մշակութային համագործակցությունը:

Նախատեսված է, որ կոնվենցիայի դրույթները կկիրառվեն միայն պայմանավորվող երկու պետությունների ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, ինչպես նաեւ՝ ուղղակի հարկերի առնչությամբ:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է միջոցներ ձեռնարկել մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կրկնակի հարկումը բացառելու, հարկերի վճարումից խուսափելը կանխելու եւ հարկային խտրականություն թույլ չտալու, մյուս Կողմի իրավասու մարմինների հետ կոնվենցիայով նախատեսված գործողությունների փոխհամաձայնեցումն ապահովելու, անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու ուղղությամբ:

Կոնվենցիայի մի շարք հոդվածներով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է նաեւ ֆինանսական պարտավորություններ՝ մյուս Կողմի իրավաբանական անձանց իրականացրած գործունեության արդյունքում ստացված եկամուտներից շահութահարկ, միջազգային օդային փոխադրումներից Հայաստանի Հանրապետության տարածքում մյուս Կողմի ձեռնարկության ստացած շահույթից հարկեր չգանձելու եւ եկամտահարկի գծով մի շարք արտոնություններ տրամադրելու ուղղությամբ:

Կոնվենցիայի առանձին հոդվածներով տրվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ստացված եկամուտների առանձին տեսակների բնորոշումներն ու դրանց հարկման առաջնայնությունները:

Կոնվենցիայով նախատեսված են նաեւ դրույթներ հնարավոր վեճերի լուծման ընթացակարգի, ինչպես նաեւ կոնվենցիայի ուժի մեջ մտնելու եւ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

Կողմերի միջեւ ստորագրվել է կոնվենցիային կից Արձանագրություն, որում մասնավորեցված են ռեզիդենտներին եւ ձեռնարկատիրական շահույթին վերաբերող առանձին դրույթներ:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորություններն իրենց բնույթով բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 հոդվածի երրորդ մասի եւ 9 հոդվածի դրույթներից՝ Կողմերի տնտեսավարող սուբյեկտներին ապահովելով տնտեսական գործունեության ազատություն եւ ազատ տնտեսական մրցակցություն« ինչպես նաեւ ապահովում են միջպետական փոխշահավետ հարաբերությունների հաստատում:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով« «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Լատվիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին 2000 թվականի մարտի 15-ին Ռիգայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

3 հոկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 259

print page Տպել էջը