ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՕՊ-Ի ԵՎ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈՒԺԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՀՕՊ-Ի ԵՎ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈՒԺԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՄԲԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 13 հոկտեմբերի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի միացյալ հրամանատարական կետից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի եւ ավիացիայի ուժերի ու միջոցների եւ Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի եւ ավիացիայի ուժերի ու միջոցների կառավարման գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հաշվարկի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի օպերատիվ խմբի խնդիրների եւ լիազորությունների մասին 2000 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թ. մարտի 16-ին՝ Մոսկվայում: Համաձայնագիրը համահունչ է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին 1995 թ. փետրվարի 10-ի համաձայնագրի դրույթներին (ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է 1995 թ. նոյեմբերի 20-ին): Համաձայնագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի եւ ավիացիայի ՄՀԿ մարտական հաշվարկի եւ ՀՀ տարածքում Ռուսաստանի ռազմակայանի՝ ՀՀ զինված ուժերի ՀՕՊ-ի եւ ավիացիայի ՄՀԿ-ում գտնվող օպերատիվ խմբի հիմնական խնդիրները եւ պատասխանատու մարմիններին առնչվող հարցերը, մասնավորապես, սահմանված է համապատասխան ստորաբաժանումների ենթակայությունը: Կողմերը պարտավորվել են իրադրության տարբեր պայմաններում որոշակի կարգով իրականացնել պաշտոնատար անձանց համապատասխան գործողություններ, ընդ որում, այդ գործողությունները համաձայնեցվում են ՀՀ զինված ուժերի ՀՕՊ-ի եւ ավիացիայի հրամանատարության հետ եւ դուրս չեն գալիս Կողմերի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներից: Կողմերը պարտավորվել են նաեւ անհետաձգելի դեպքերում՝ ՀՕՊ-ի հերթապահ ուժերի ու միջոցների կողմից կրակ բացելու վերաբերյալ որոշում ընդունելիս, պահպանել որոշակի ընթացակարգ: Համաձայնագրով նախատեսված է, որ համապատասխան ստորաբաժանումների գործողությունների միջեւ համագործակցության փոխհամաձայնեցումն իրականացնում է ՀՀ զինված ուժերի ՀՕՊ-ի եւ ավիացիայի հրամանատարությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի միացյալ հրամանատարական կետից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի եւ ավիացիայի ուժերի ու միջոցների եւ Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի եւ ավիացիայի ուժերի ու միջոցների կառավարման գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հաշվարկի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի օպերատիվ խմբի խնդիրների եւ լիազորությունների մասին 2000 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

13 հոկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 261

print page Տպել էջը