«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի Ն-110-2 ՈՐՈՇՄԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 17 հոկտեմբերի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Վ. Գասպարյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Դալլաքյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 55 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2000 թվականի սեպտեմբերի 26-ի Ն-110-2 որոշման՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Գասպարյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ Վ. Դալլաքյանի բացատրությունները, հետազոտելով վիճարկվող որոշումը, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքը, Ազգային ժողովի 2000թ. սեպտեմբերի 26-ի նիստի սղագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2000թ. սեպտեմբերի 26-ի որոշումը շարադրված է հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Ընդունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հրաժարականը (գրանցվել են 115 պատգամավոր՝ կողմ 63, դեմ 31, ձեռնպահ 2)»։
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումի եւ նրա պաշտոնական ներկայացուցչի կողմից գործի քննության ընթացքում տրված բացատրության համաձայն՝ քննարկվող որոշումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 62 հոդվածի պահանջներին, որովհետեւ որոշումն ընդունելիս Ազգային ժողովն իր կանոնակարգին համապատասխան չի գործել եւ խախտվել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 1, 51, 87, 110 հոդվածների, 48 հոդվածի 1-ին կետի պահանջները։
3. Պատասխանող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչը նույնպես գտնում է, որ տվյալ հարցի քննարկումը եւ քվեարկությունը տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների (1, 110, 48 հոդվածի 1-ին կետ) պահանջների խախտումներով։ Պատասխանող կողմի ներկայացուցիչը միաժամանակ պնդում է, որ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 71 հոդվածի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51 եւ 105 հոդվածներին համապատասխան նման որոշում կարող էր ընդունել նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
4. ՀՀ Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստերի օրակարգը հաստատվել է 2000 թ. սեպտեմբերի 25-ին՝ ԱԺ կանոնակարգի 13 գլխում, մասնավորապես, 87 հոդվածում սահմանված կարգով։
Օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի եռօրյա նիստերն սկսվում են եռօրյա նիստերի օրակարգի հաստատմամբ եւ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելով։ Կանոնակարգի 85 հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգը հաստատվում է նստաշրջանի առաջին նիստում եւ կարող է լրացվել նստաշրջանի ընթացքում, որի նախագծում ընդգրկվում են նաեւ պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերը։ Դրանց թվին են դասվում Ազգային ժողովի մարմինների կազմավորման եւ ընտրության, ինչպես նաեւ Սահմանադրության 83 հոդվածով եւ օրենքներով նախատեսված նշանակումների եւ լիազորությունների դադարման հարցերը («Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 85 հոդված, կետեր 6, 7)։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7 հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի մարմիններն են՝ Ազգային ժողովի նախագահը, պատգամավորը, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովները։
Կանոնակարգի 87 հոդվածով սահմանված է, որ եռօրյա նիստերի օրակարգի նախագծում կարող են ընդգրկվել միայն նստաշրջանի օրակարգում ընդգրկված եւ այդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված հարցերը։ Վկայակոչվող հինգերորդ մասով սահմանված է. «Նախորդ եռօրյա նիստերի չքննարկված եւ չավարտված հարցերը, ինչպես նաեւ Սահմանադրությամբ եւ կանոնակարգով նախատեսված արտահերթ, Սահմանադրությամբ, Ազգային ժողովի որոշմամբ կամ կանոնակարգով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող, ինչպես նաեւ թափուր պաշտոններում ընտրությունների եւ նշանակումների հարցերը առանց քվեարկության ընդգրկվում են եռօրյա նիստերի օրակարգ»։
Ազգային ժողովի նիստում հարցեր քննարկելու եւ որոշումներ ընդունելու կարգը («Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք, գլուխ 14) նույնպես վկայում է, որ առանց օրակարգում հարցի ընդգրկման Ազգային ժողովը որեւէ ձեւով տվյալ հարցը չի կարող քննարկման առարկա դարձնել։ Բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգի միայն 20 եւ 69 հոդվածներն են նախատեսում հարցի անհապաղ ընդգրկում եռօրյա նիստերի օրակարգ եւ արտահերթ քննարկում։
2000թ. սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովի նիստն սկսվել եւ ընթացել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի վերոհիշյալ դրույթների պահանջների խախտումով։ Նիստը նախագահողը, առանց հաշվի առնելու եռօրյա նիստերի հաստատված օրակարգը եւ կանոնակարգի 48 հոդվածի առաջին կետի պահանջը, պատգամավորների գրանցումից հետո հանդես է եկել հայտարարությամբ եւ ապա հետեւել է կանոնակարգով չնախատեսված քննարկում։ Առանձին պատգամավորների՝ կանոնակարգով առաջնորդվելու պահանջը տեւական ժամանակ մնացել է անարձագանք։
5. Ազգային ժողովի կանոնակարգի 63, 66, 67, 69, 85, 91, 100, 105, 106 եւ մի շարք այլ հոդվածների դրույթներից բխում է, որ Ազգային ժողովը հարցեր քննարկում եւ որոշումներ է ընդունում որոշման նախագծի առկայության պարագայում։ Սահմանադրական դատարանում վիճարկվող ԱԺ որոշման նախագիծը նախապես չի կազմվել եւ պատգամավորներին չի տրամադրվել։
6. Ազգային ժողովի կանոնակարգի 51 հոդվածը նախատեսում է ոչ թե Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների ու հանձնաժողովների նախագահների հրաժարականի վերացական հնարավորություն, այլ սահմանում է, որ նրանց լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Ազգային ժողովի որոշմամբ, նրանց խնդրանքով եւ միայն երկու կոնկրետ հիմքերի առկայության դեպքերում՝ նրանց հիվանդության կամ այնպիսի հանգամանքների կապակցությամբ, որոնք անհնար են դարձնում նրանց վրա դրված պարտականությունների կատարումը։
ՀՀ Սահմանադրության 62, 71, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1, 51, 105 հոդվածներից բխում է, որ Ազգային ժողովի նախագահի խնդրանքով, հիշյալ հիմքերի առկայության դեպքում, նրա լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Ազգային ժողովի որոշմամբ՝ նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին։
Ազգային ժողովի նախագահի՝ կանոնակարգի 51 հոդվածի պահանջներին համապատասխան հստակ խնդրանքի բացակայությունը, բանավոր հայտարարության հետագա մեկնաբանություններով առաջացած անորոշությունը, օրենքի պահանջներին համապատասխան ձեւակերպված որոշման նախագծի բացակայությունը պատճառ են դարձել նաեւ հարցի հետագա քննարկման եւ քվեարկության ժամանակ կանոնակարգային մի շարք այլ պահանջների անտեսման։
7. Նախագահողը թույլ է տվել նաեւ կանոնակարգից էական շեղումներ՝ երբ հարցը ձեւակերպել եւ քվեարկության է դրել։ Կանոնակարգի 110 հոդվածի պահանջն է, որ «Քվեարկությունը սկսելուց առաջ նախագահողը կրկնում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձեւակերպումները, հիշեցնում, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը»։ Կանոնակարգի պահանջներից ելնելով՝ հարցը պետք է ձեւակերպվեր հետեւյալ կերպ. քվեարկության է դրվում իր խնդրանքով Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Բացի դրանից, նախագահողը երեք անգամ կրկնել է, որ պետք է էլեկտրոնային համակարգի միջոցով փակ քվեարկություն կազմակերպվի, որը կանոնակարգով տվյալ դեպքի համար նախատեսված չէ։ Էլեկտրոնային համակարգի միջոցով գաղտնի քվեարկություն նախատեսված է գործող կանոնակարգի 20 եւ 69 հոդվածներով, որոնք վերաբերում են այլ իրավիճակների կանոնակարգմանը։
Անտեսվել է նաեւ օրենքի այն միանշանակ պահանջը, որ նախագահողը պարտավոր է պատգամավորներին հիշեցնել, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը («Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք, 110 հոդված, առաջին մաս)։
Օրենքի պահանջներից չեն բխում նաեւ նախագահողի հետագա մեկնաբանությունները քվեարկության արդյունքների վերաբերյալ։
8. ՀՀ Սահմանադրության 62 հոդվածը, սահմանելով, որ Ազգային ժողովն իր գործունեության կազմակերպման հարցերով ընդունում է որոշումներ, միաժամանակ ամրագրում է, որ Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան։ Հետեւաբար, Ազգային ժողովի որոշումները չեն կարող ընդունվել կանոնակարգի խախտումներով: Կանոնակարգի խախտումով որոշման ընդունումը հակասում է նաեւ ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի առաջին մասի պահանջներին։
Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 55 հոդվածով սահմանված է, որ Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարանը դիմումում առաջադրված հարցի առնչությամբ պարտավոր է նորմատիվ ակտի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելիս գնահատել թե° ակտն ընդունելու եւ գործողության մեջ դնելու կարգը եւ թե° վիճարկվող նորմի բովանդակությունը։
Օրենքի պահանջներին համապատասխան՝ Ազգային ժողովի 2000թ. սեպտեմբերի 26-ի նիստի սղագրության ուսումնասիրությունից ելնելով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ որոշումն ընդունելիս տեղ են գտել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1 հոդվածի, 48 հոդվածի 1-ին կետի, 106« 108, 110 հոդվածների պահանջների խախտումներ, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն առանձին վկայում է ՀՀ Սահմանադրության 62 հոդվածի պահանջների անտեսման մասին։
Ակնհայտ է նաեւ, որ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածին համապատասխան ձեւավորված Ազգային ժողովի մշտական հիմունքներով աշխատող պատգամավորների զգալի մասը տվյալ նիստում նույնպես պատշաճորեն չի հետեւել կանոնակարգի պահանջներին։ Բացի դրանից« նախագահողի կողմից անտեսվել են այն պատգամավորների իրավունքները, որոնց՝ կանոնակարգին համապատասխան աշխատանքները կազմակերպելու պահանջը մնացել է անարձագանք։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2000թ. սեպտեմբերի 26-ի որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 եւ 62 հոդվածների պահանջներին եւ համաձայն ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի 3-րդ մասի՝ իրավաբանական ուժ չունի։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
17 հոկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 263