ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 19 դեկտեմբերի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ.Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի եւ 21(1) հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի մարտի 17-ին՝ Տալլինում։ Համաձայնագրի նպատակն է Պայմանավորվող կողմերի տարածքների միջեւ եւ դրանցից դուրս կանոնավոր օդային հաղորդակցության հաստատումը։
2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.
- տրամադրել մյուս Պայմանավորվող կողմին իր տարածքի վրայով անվայրէջք թռիչքի, իր տարածքում ոչ կոմերցիոն նպատակներով վայրէջքի իրավունք.
- օդանավակայանների եւ օդանավակայանային այլ միջոցների օգտագործման համար կատարել այնպիսի գանձումներ, որոնք կիրառվում են նմանատիպ միջազգային օդային հաղորդակցության մեջ ներգրավված ազգային ավիաընկերության նկատմամբ.
- ազատել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերը, ինչպես նաեւ այդ օդանավի վրա գտնվող վառելիքը, քսայուղերը, պահեստամասերը« հաշվեցուցակային բորտային սարքավորումները եւ բորտային պաշարները ցանկացած մաքսային եւ այլ տուրքերից, իսկ անուղղակի հարկերից տրամադրել հարկային արտոնություններ.
- իրավունք վերապահել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը ցանկացած ժամանակ, առանց սահմանափակումների, իր գլխավոր գրասենյակ փոխանցել օդային փոխադրումներից ստացված հասույթը.
- տրամադրել իր տարածքում նշանակված ավիաընկերության համար անհրաժեշտ գրասենյակների եւ ադմինիստրատիվ, կոմերցիոն եւ տեխնիկական աշխատակազմի հիմնադրման իրավունք.
- տալ նշված գրասենյակներում աշխատանքի ընդունվող աշխատակազմին բնակվելու եւ աշխատանքի թույլտվություններ՝ առանց հաշվի առնելու աշխատանքային շուկայում տիրող իրավիճակը«
- վերապահել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանն ուղեւորների, ուղեբեռների եւ փոստի սեփական սպասարկման իրավունք«
- աջակցել քաղաքացիական օդանավերի անօրինական բռնագրավման գործողությունների եւ այդ օդանավերի, նրանց ուղեւորների եւ անձնակազմի, օդանավակայանների եւ օդագնացության միջոցների անվտանգության դեմ անօրինական միջամտության, ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված այլ սպառնալիքների կանխմանը«
- քննության նպատակով ընդունել անընդունելի հայտարարված օդանավից՝ իջեցման կետից վերադարձված անձին, եթե այդ անձը նախկինում, օդանավ բարձրացվելուց առաջ« մնացել է իր տարածքում։ Պայմանավորվող կողմը չպետք է վերադարձնի անձին այն երկիր, որտեղ նա նախկինում հայտարարվել է անընդունելի«
- ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն քաղաքացիական օդանավերի անօրինական բռնագրավման գործողությունների, ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ այլ սպառնալիքների կանխման համար«
- կիրառել արդյունավետ միջոցներ օդանավերի պաշտպանությունն ապահովելու համար։
Համաձայնագրով սահմանվում են նաեւ տեղեկատվության եւ վիճակագրական տվյալների փոխանակման, ավիաընկերություններից ուղեւորների համար գանձվող սակագների հաստատման« կոմերցիոն գործունեության իրականացման, տարաձայնությունների վերացման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու եւ դադարեցման կարգն ու պայմանները։
Համաձայնագիրն ունի հավելված, որը սահմանում է այն երթուղիների չվացուցակը« որոնցով Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից երկու ուղղությամբ շահագործումներ են իրականացվում:
3. Հայաստանի Հանրապետությունը միացել է սույն համաձայնագրում հիշատակված 1944թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին, 1963թ. սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված՝ Օդանավերում կատարվող հանցագործությունների եւ մի շարք այլ ակտերի մասին, ինչպես նաեւ 1970թ. դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված՝ Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին կոնվենցիաներին։
4. Օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված համաձայնագրերի գործողության իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօրվա դրությամբ օդային հաղորդակցության վերաբերյալ ստորագրել է երկու տասնյակից ավելի երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր« որոնք կազմում են պետությունների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման, Պայմանավորվող կողմերի միջեւ երթեւեկության իրավունքների փոխանակման« օդագնացության, տնտեսական եւ կազմակերպական հարցերի կարգավորման իրավական հիմքը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով« «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 դեկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 265