ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 19 դեկտեմբերի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել 2000 թվականի դեկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին Սոչիում՝ Կողմերի միջեւ ռազմական համագործակցության նպատակով: Կողմերն ստանձնում են հետեւյալ պարտավորությունները.
ա) համատեղ վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանել զորքերի միավորված խմբավորման կազմը, կազմակերպել դրա ղեկավարումն ու կիրառումը, համատեղ լուծել միացյալ հրամանատարության ստեղծման հարցերը.
բ) ապահովել զորքերի, հետախուզության, զենքի կառավարման, նյութատեխնիկական բազայի միասնականության, կառավարման միացյալ համակարգի ստեղծման, ինչպես նաեւ օպերատիվ-մարտական խնդիրների համատեղ իրականացումը.
գ) ապահովել ստացված տեղեկության իրավական պաշտպանվածությունը, տեղեկատվության գաղտնիությունը՝ նաեւ համաձայնագրի գործողության դադարեցումից հետո 5 տարվա ընթացքում.
դ) յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է նաեւ համաձայնագրի շրջանակներում զորքերի թիկունքային, տեխնիկական, ֆինանսական եւ այլ ապահովումը, բացի օպերատիվից, իրականացնել ի շահ միացյալ խմբավորման կազմում ընդգրկած իր զորքերի:
2. Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ արդեն վավերացրել է ռազմական համագործակցությանը վերաբերող մի շարք պայմանագրեր: Սույն համաձայնագիրը կոչված է ամբողջականացնել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրանց իրագործման նախադրյալներ ստեղծել:
3. Համաձայնագիրը չի հակասում Հայաստանի Հանրապետության ստանձնած այլ միջազգային պարտավորություններին: Ամրագրելով, որ «սույն համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ չի շոշափում Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող որեւէ իրավունք եւ պարտականություն» (հոդվ. 10), այն լիովին մնում է ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես, 51 հոդվածում նախատեսված «անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անքակտելի իրավունքի», ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված այլ միջազգային բազմակողմ պայմանագրերում, մասնավորապես, ԱՊՀ հավաքական անվտանգության մասին 1992 թ. մայիսի 15-ի պայմանագրի 10 հոդվածում նշված պարտավորությունների շրջանակում: Պետական գաղտնիքների պահպանության առումով համաձայնագրում հղում է կատարվում Միջպետական գաղտնիքների պահպանման փոխադարձ ապահովման մասին 1993 թ. հունվարի 22-ի համաձայնագրի պահանջներին (հոդվ. 8):
3. Համաձայնագրի դրույթներն ընդգրկում են հարցեր եւ նախատեսում լուծումներ՝ ՀՀ Սահմանադրության 1 հոդվածում ամրագըրված՝ ՀՀ ինքնիշխանության ապահովման, 9 հոդվածում շարադրված՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերությունների հաստատման սկզբունքների համաձայն: Համաձայնագրում նախատեսված է նաեւ ՀՀ Սահմանադրության 8 հոդվածում ամրագրված սեփականության իրավունքի պաշտպանության պահանջը, մասնավորապես« նաեւ Կողմերի մտավոր սեփականության առնչությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին 2000 թ. սեպտեմբերի 27-ին Սոչիում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 դեկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 267