ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 26 դեկտեմբերի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ.Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Մ. Մուրադյանի, հրավիրված՝ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Ա. Իսկոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Մուրադյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 1998 թվականի հունիսի 25-ին՝ Օրհուս քաղաքում, որի հիմնական նպատակը շրջակա միջավայրի բարենպաստ վիճակի, մարդկանց առողջության եւ բարեկեցության, այդ միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության եւ որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության, ինչպես նաեւ այդ բնագավառում արդարադատության մատչելիության իրավունքի իրականացման ապահովումն է:
2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
- ապահովել կոնվենցիայում ամրագրված սկզբունքների կիրառումը բնապահպանական հարցերի առումով միջազգային-իրավական այլ գործընթացներում,
- ապահովել շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունմանը հասարակության մասնակցությունը, ինչպես նաեւ կոնվենցիայի մյուս խնդիրների լուծման նպատակով ստեղծել արդյունավետ գործող կառույց՝ ապահովելով պետական համապատասխան մարմինների ու պաշտոնատար անձանց աջակցությունը, նաեւ՝ բնապահպանությանն աջակցող ընկերությունների եւ խմբերի պատշաճ ճանաչումը,
- կոնվենցիայի դրույթներին համապատասխան ապահովել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների անշեղ իրականացումը, ինչպես նաեւ՝ ներպետական օրենսդրության շրջանակներում եւ կոնվենցիայում որոշված ժամկետներում հասարակությանը շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, այդ թվում՝ օրենսդրական գործող ակտերի վերաբերյալ, եւ դրա պարբերաբար թարմացումը՝ միաժամանակ ապահովելով այդ տեղեկատվության տիրապետելիությունը պետական համապատասխան մարմինների կողմից,
- ներպետական օրենսդրության շրջանակներում ապահովել արդարադատական համակարգի կամ անկախ եւ անաչառ մարմնի միջոցով կոնվենցիայով նախատեսված անձանց խախտված իրավունքների վերականգնման առավելագույնս հեշտացված հնարավորություն, ընդհուպ՝ արդարադատության մատչելիության ֆինանսական կամ այլ խոչընդոտների վերացման կամ նվազեցման համապատասխան համակարգի ստեղծումը:
3. Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայով ստանձնված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով բխում են ՀՀ Սահմանադրության 1, 4, 8, 10, 24, 34, 38, 39, 40 հոդվածների պահանջներից, քանի որ կոչված են ապահովելու Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետության հիմնարար սահմանադրաիրավական սկզբունքի կիրառումը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, շրջակա միջավայրի համար սեփականության իրավունքի անվնաս իրականացումը, այդ միջավայրի պահպանությունը, վերարտադրությունը եւ բնական պաշարների բանական օգտագործումը, ինչպես նաեւ խոսքի՝ ներառյալ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու, բնակչության առողջության պահպանման իրավունքի իրականացումը: Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները կոչված են ապահովելու նաեւ անձի խախտված իրավունքների, ազատությունների դատական պաշտպանության եւ այդ նպատակով անհրաժեշտ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացումը:
4. Կոնվենցիայում նախատեսված են նաեւ պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովող մի շարք դրույթներ՝ կապված կոնվենցիայի կատարումը վերահսկելու, Կողմերի ներկայացուցիչների կողմից որոշումներ ընդունելու, կոնվենցիայում փոփոխություններ կատարելու, վեճերը լուծելու, կոնվենցիան վավերացնելու, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու եւ դրանից դուրս գալու հետ:
Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն են կազմում թվով երկու հավելվածները, որոնցում թվարկված են հասարակության իրազեկությանը պարտադիր հասանելի արտադրական գործունեության տեսակները, ինչպես նաեւ կանոնակարգված են վեճերի լուծման ընթացակարգային հարցերը:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով եւ ուսումնասիրելով շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերի իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաեւ պարզեց.
1. Հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ, շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետությունը միացել է մի շարք միջազգային պայմանագրերի, մասնավորապես. Միջսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին 1991 թվականի փետրվարի 25-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքում ստորագրված կոնվենցիային, Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված կոնվենցիային: Միջսահմանային ջրահոսքերի եւ միջազգային լճերի պահպանության եւ օգտագործման մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված կոնվենցիան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից դեռեւս չի վավերացվել (սահմանադրական դատարանը քննության է առել):
2. Բնապահպանական ոլորտի միջազգային պայմանագրերից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 25-ի թիվ 115 որոշմամբ հաստատվել է միջոցառումների պլան, համաձայն որի այդ պարտավորությունները նախապես սահմանված ժամկետներում, պետական միջոցների հաշվին իրականացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների կողմից:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին 1998 թվականի հունիսի 25-ին Օրհուսում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
26 դեկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 269