ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 27 նոյեմբերի 1996թ.
Հայաստան Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 101 հոդվածի 1 կետով եւ 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին կնքված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագրի բովանդակությունը, ներկայացված տեղեկանքը եւ գործով առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագիրն ստորագրվել է 1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում՝ երկու պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը պաշտպանելու նպատակով, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի գտնվելը համապատասխանում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման խնդիրներին։
Պայմանագրով սահմանվում է ռազմակայանի տեղակայման վայրի ընտրության, դրա շարժական եւ անշարժ գույքի տնօրինման, զենքի գործադրման եւ ռազմակայանի կառավարման, անվտանգության ապահովման, ինչպես նաեւ մարտական պատրաստության եւ ռազմակայանին առնչվող թռչող սարքերի թռիչքների իրականացման կարգը։
Պայմանագրով սահմանվում են նաեւ Ռուսաստանյան Դաշնության օրենսդրությամբ եւ պայմանագրի Կողմերի միջեւ առանձին համաձայնագրերով կարգավորման ենթակա հարցերի շրջանակը, ռազմակայանի ֆինանսական ապահովման կարգը։
Պայմանագրի անբաժանելի մասն են թվով 3 արձանագրությունները, որոնք համապատասխանաբար սահմանում են ռազմակայանի կարգավիճակը, կապի կազմակերպման, ինչպես նաեւ ռազմակայանում առկա սպառազինության առավելագույն մակարդակների վերաբաշխման կարգը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
27 նոյեմբերի 1996 թվականի
ՍԴՈ-27