ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 26 դեկտեմբերի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000թ. սեպտեմբերի 25-ին Մոսկվայում՝ Պայմանավորվող կողմերի քաղաքացիների այցելությունների իրավական կարգավորման նպատակով։

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- իրավունք վերապահել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, այդ թվում նաեւ երրորդ պետություններում բնակվող քաղաքացիներին, մուտք գործել, դուրս գալ, տեղաշարժվել, գտնվել եւ տարանցիկ երթեւեկել իր պետության տարածքում՝ առանց արտոնագրերի (վիզաների),

- տեղեկացնել Ռուսաստանի Դաշնությանը սույն համաձայնագրի կիրառման ոլորտին վերաբերող հարցերի, մասնավորապես, անձը եւ քաղաքացիությունը հաստատող գործող փաստաթղթերի, դրանց տրման եւ օգտագործման կարգի փոփոխությունների, իր պետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կացության կանոնների, ինչպես նաեւ համապատասխան օրենսդրական ակտերի մասին,

- գործող ճամփորդական փաստաթղթերում փոփոխություն կատարելու կամ անձը եւ քաղաքացիությունը հաստատող նոր փաստաթղթեր գործածության մեջ դնելու դեպքում փոխանակել դրանց նմուշները։

3. Համաձայնագրով Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով ստանձնում է համարժեք պարտավորություններ:

4. Կողմերի պետության այն քաղաքացիները, որոնք խախտել են սույն համաձայնագրի դրույթները կամ Կողմերի պետության տարածքում կացության կանոնները, ենթակա են վերադարձման իրենց քաղաքացիության պետություն՝ Կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի իրավունքը՝ լիովին կամ մասամբ դադարեցնել համաձայնագրի առանձին դրույթների գործողությունն արտակարգ իրավիճակների դեպքում, եթե դա անհրաժեշտ է իրենց պետությունների սահմանների եւ տարածքների պաշտպանության համար:

Համաձայնագիրը սահմանում է նաեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողությունը դադարեցնելու կարգը։

Համաձայնագիրն ունի երկու հավելված, որոնցում տրվում են միմյանց քաղաքացիների՝ պետությունների տարածք մուտքի, ելքի, կացության եւ տեղաշարժի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը։

5. Համաձայնագրի դրույթները համահունչ են մարդու տեղաշարժի ազատության հանրաճանաչ իրավունքի երաշխավորման միջազգային սկզբունքներին, հաշվի են առնում արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղման ընդհանուր պահանջները:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մաին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 270

print page Տպել էջը