ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1949 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 26 դեկտեմբերի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի բացատրությունը, հետազոտելով Կանոնադրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա Կանոնադրությունը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթուղթը, որն ստորագրվել է 1949 թ. մայիսի 5-ին Լոնդոնում՝ եվրոպական տասը պետությունների կողմից: Ներկայումս այդ կազմակերպությանն անդամակցում է թվով 41 երկիր:

2. Եվրոպայի խորհուրդը՝

ա) տարածաշրջանային կազմակերպություն է, որի նպատակները եւ գործունեության սկզբունքները լիովին բխում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1 եւ 52 հոդվածների պահանջներից.

բ) նպատակ ունի իր անդամների ջանքերն առավել միավորել՝ բոլորի կողմից ընդհանուր արժեք համարվող գաղափարների եւ սկզբունքների պաշտպանության ու զարգացման, ինչպես նաեւ նրանց սոցիալական ու տնտեսական զարգացման առաջընթացն ապահովելու համար:

Նշված նպատակների իրականացման համար Կանոնադրությունը նախատեսում է որոշակի իրավական եւ կազմակերպական մեխանիզմ, որի գործադրումն իրականացվում է հիմնադիր փաստաթղթով նախատեսված մարմինների օգնությամբ.

գ) կոչված է լրացնելու, եւ ոչ թե փոխարինելու կամ հակադրվելու, այլ միջազգային միջպետական կազմակերպությունների, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության, շրջանակներում իրականացվող համագործակցությունը.

դ) անդամ պետությունների միջեւ ռազմական համագործակցություն իրականացնելու որեւէ առաքելությամբ օժտված չէ, եւ այդ հանգամանքն ամրագրված է նրա Կանոնադրության 1-ին հոդվածի (դ) կետում: Համաձայն այդ հոդվածի՝ «Ազգային պաշտպանության հետ կապված հարցերը չեն մտնում Եվրոպայի խորհրդի իրավասության մեջ»:

3. Եվրոպայի խորհրդին անդամակցելու հարցը լուծվում է նրա կանոնադրությամբ նախատեսված որոշակի ընթացակարգով:

Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցի լուծումն իրականացվում է լիովին հաշվի առնելով այդ ընթացակարգը:

Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու վերաբերյալ Հայաստանին ներկայացված հրավերքն ընդունվել է Նախարարների կոմիտեի կողմից՝ իր 107-րդ նիստում՝ 2000թ. նոյեմբերի 9-ին: Նախարարների կոմիտեի որոշման հիմքում ընկած է եղել Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունը եւ մտադրությունը, որ Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը միանալու փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին կստորագրի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թ. կոնվենցիան:

Նախարարների կոմիտեն ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից նշված կոնվենցիան կվավերացվի Եվրոպայի խորհրդին միանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Համարելով, որ Հայաստանը նպատակամղված է կատարել Կանոնադրության 3 եւ 4 հոդվածներով նախատեսված պայմանները, ինչպես նաեւ Կանոնադրությամբ նախատեսված բոլոր պարտավորությունները, որոնք հավաստված են Նախարարների կոմիտեի նախագահի 2000թ. հոկտեմբերի 6-ի նամակին ի պատասխան Հայաստանի կառավարության կողմից՝ արտաքին գործերի նախարարի ներկայացրած նամակում տրված երաշխիքներում, Նախարարների կոմիտեն, խորհրդակցելով Խորհրդարանական վեհաժողովի հետ, որն արտահայտել է դրական կարծիք (Կարծիք N 221 (2000), եւ հաշվի առնելով ֆինանսական կանոնակարգը՝ իր թիվ (2000) 13 որոշմամբ Հայաստանին հրավիրել է դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ եւ միանալ Կանոնադրությանը:

Հայաստանի ներկայացուցիչների համար Եվրոպայի խորհուրդը Խորհրդարանական վեհաժողովում սահմանել է չորս տեղ:

Նշված որոշման անբաժանելի մասը կազմող հավելվածում Նախարարների կոմիտեն սահմանել է Եվրոպայի խորհրդի բյուջեներ Հայաստանի կողմից իրականացվող տարբեր ֆինանսական մուծումների չափաբաժինը:

4. Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ կդառնա այն օրվանից, երբ Կանոնադրությանը միանալու մասին փաստը հավաստող իր ներպետական փաստաթուղթը կհանձնի այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

5. Եվրոպայի խորհրդի մարմիններն են՝ Նախարարների կոմիտեն. Խորհրդարանական վեհաժողովը եւ Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը, որն սպասարկում է առաջին երկու մարմիններին:

Եվրոպայի խորհրդի շրջանակներում պետությունների համագործակցության հիմքում ընկած միջազգային իրավունքի այնպիսի հիմնական սկզբունքներ, ինչպիսիք են՝ ինքնիշխանությունը, իրավահավասարությունը, ներքին գործերին չմիջամտելը եւ մյուս սկզբունքներն ապահովվում են Եվրոպայի խորհրդի մարմինների կազմավորման եւ գործունեության առանձնահատկությամբ:

Նախարարների կոմիտեում յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ներկայացուցիչ, եւ յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի մեկ ձայնի իրավունք:

Նախարարների կոմիտեն Խորհրդարանական վեհաժողովի հանձնարարությամբ կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է այն միջոցառումները, որոնք ուղղված են Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացմանը, ինչպես նաեւ կոնվենցիաների եւ համաձայնագրերի կնքմանը եւ կոնկրետ հարցերի վերաբերյալ կառավարությունների կողմից միասնական քաղաքականության վարմանը:

Նշված հարցերի կապակցությամբ Նախարարների կոմիտեի ընդունած եզրակացությունները պետությունների համար ունեն ոչ թե պարտադիր, այլ հանձնարարական-առաջարկության բնույթ: Անդամ պետությունները պարտավոր են Նախարարների կոմիտեին տեղեկացնել այդ հանձնարարականներին ընթացք տալու մասին:

Նախարարների կոմիտեն կարող է անդամ պետությունների համար պարտադիր որոշումներ ընդունել միայն Եվրոպայի խորհրդի ներքին կազմակերպական հարցերի եւ կարգավորումների վերաբերյալ:

Նախարարների կոմիտեի որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների երկու երրորդի մեծամասնությամբ։ Ընթացակարգային բնույթի հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման համար բավական է ձայների պարզ մեծամասնությունը։

Նախարարների կոմիտեն իր գործունեությունը կազմակերպելու համար ընդունում է իր ներքին կանոնակարգը:

Նախարարների կոմիտեն Խորհրդարանական վեհաժողովին, նրա յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ, ներկայացնում է իր գործունեության մասին հաշվետվություն:

6. Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդակցական մարմինն է: Նա կարող է քննարկել եւ առաջարկություններ անել կազմակերպության նպատակներին համապատասխանող եւ Եվրոպայի խորհրդի իրավասության մեջ մտնող ցանկացած հարցի վերաբերյալ:

Խորհրդարանական վեհաժողովը կարող է ստեղծել կոմիտեներ կամ հանձնաժողովներ, որոնք կքննարկեն նրա իրավասության մեջ մտնող հարցերը եւ այդ առնչությամբ նրան կներկայացնեն զեկույցներ եւ կարծիք:

Խորհրդարանական վեհաժողովը կազմված է անդամ պետությունների ներկայացուցիչներից, որոնք ընտրվում կամ նշանակվում են իրենց երկրի խորհրդարանի անդամներից՝ խորհրդարանի կողմից հաստատված ընթացակարգով, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ կառավարության կողմից, որը կարող է լրացուցիչ նշանակումներ կատարել խորհրդարանի նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Կանոնադրությունը պահանջում է, որ Խորհրդարանական վեհաժողովում առաջադրված յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է լինի այն անդամ պետության քաղաքացին, որը ներկայացնում է: Ընդ որում, նա չի կարող միաժամանակ լինել Նախարարների կոմիտեի անդամ:

Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում ներկայացուցիչը կարող է իր մանդատից զրկվել միայն Վեհաժողովի համաձայնությամբ:

Խորհրդարանական վեհաժողովն իր գործունեությունը կազմակերպելու համար ընդունում է կանոնակարգ:

Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերը մեծամասամբ ընդունվում են ձայների երկու երրորդով, սակայն առանձին դեպքերում Վեհաժողովը կարող է սահմանել նաեւ որոշման ընդունման այլ կարգ:

Խորհրդարանական վեհաժողովի քննարկումները հրապարակային են, եթե նա այլ որոշում չի կայացնում:

7. Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը, որը գտնվում է կազմակերպության նստավայր Ստրասբուրգ քաղաքում, պատասխանատու է Քարտուղարության գործունեության համար Նախարարների կոմիտեի առջեւ: Քարտուղարությունը Խորհրդարանական վեհաժողովին հիմնականում տրամադրում է վարչական եւ այլ ծառայություններ:

Քարտուղարության անդամները հանդես են գալիս որպես «Եվրոպայի խորհրդի հանդեպ պատասխանատու միջազգային ծառայող», եւ նրանք չպետք է կատարեն որեւէ այնպիսի գործողություն, որն անհամատեղելի կլինի նման կարգավիճակի հետ:

Գլխավոր քարտուղարի եւ Քարտուղարության աշխատակազմի գործառույթները բացառապես միջազգային բնույթի են եւ Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է հարգի եւ ձեռնպահ մնա նրանց գործառույթների իրականացման վրա ազդելուց:

8. Եվրոպայի խորհրդի կանոնադրությունն ամրագրում է նաեւ կազմակերպության ֆինանսավորման հետ կապված հարցերը: Մասնավորապես, ըստ Կանոնադրության 387 հոդվածի՝ յուրաքանչյուր անդամ ինքն է ստանձնում Նախարարների կոմիտեում եւ Խորհրդարանական վեհաժողովում սեփական ներկայացուցչության ծախսերը: Իսկ Քարտուղարության ծախսերը եւ այլ ընդհանուր ծախսերը բաշխվում են բոլոր անդամների միջեւ Նախարարների կոմիտեի սահմանած համամասնությամբ՝ ըստ յուրաքանչյուր անդամի բնակչության թվի:

9. Անդամակցելով Եվրոպայի խորհրդին, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է կազմակերպության Կանոնադրության 3 հոդվածի համաձայն իր երկրում ճանաչել իրավունքի գերակայության սկզբունքը եւ այն սկզբունքը, համաձայն որի յուրաքանչյուր անձ, ով գտնվում է իր իրավազորության ներքո, օգտվում է մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից:

Այս դրույթը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իրականացնել պետական ինստիտուտների բարեփոխումների եւ երկրի հասարակական ու քաղաքական կյանքի շարունակական ժողովրդավարացման հետեւողական քաղաքականություն:

Կանոնադրության 3 հոդվածում նշված պարտավորության բարեխիղճ կատարումը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 4, 6, 43 եւ մի շարք այլ հոդվածների դրույթներով, որոնք նպատակ ունեն երկրում իրական ժողովրդավարության արմատավորման, իրավունքի գերակայության երաշխավորման միջոցով ապահովել անհատի ազատությունը, սոցիալական պաշտպանվածությունը եւ տնտեսական բարգավաճումը:

Եվրոպայի խորհրդի շրջանակներում իրականացվող համագործակցությանը Հայաստանի ինտեգրման հիմքում ընկած են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական նախադրյալներ: Այսպես, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, որն այսօր հանդիսանում է միջազգային հարաբերություններում գործող գլխավոր համընդգրկուն իրավական փաստաթուղթը, ի դեմս իր 52 հոդվածի՝ խրախուսում է տարածաշրջանային մակարդակով միջազգային իրավական համագործակցություն իրականացնող մարմինների ստեղծումը, եթե, իհարկե, դրանց գործունեությունը համատեղելի է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը: Իսկ Հայաստանի Հանրապետությունը, իր Սահմանադրության նախաբանում նշելով, որ հայ ժողովուրդը հավաստում է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, 9 հոդվածում ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 271

print page Տպել էջը