ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 29 դեկտեմբերի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 եւ 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հունվարի 19-ին՝ Երուսաղեմում:

Համաձայնագրի նպատակն է Կողմերի տարածքներում գործարար նախաձեռնությունների խթանումը, տնտեսական համագործակցության ամրապնդումը, կապիտալ ներդրումների խրախուսումն ու փոխադարձ պաշտպանությունը՝ երկկողմանի շահավետության հիման վրա:

Համաձայնագրի դրույթներն ապահովում են արդար եւ հավասար պայմաններ՝ Կողմերի ներդրողների եւ ներդրումների համար, որոնք պետք է լինեն ոչ պակաս բարենպաստ, քան սեփական եւ երրորդ երկրների ներդրողներին տրամադրվող պայմանները:

2. Ըստ համաձայնագրի՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին եւ եկամուտներին պարտավորվում է տրամադրել բարենպաստ ռեժիմ՝ ինչպես իր սեփական եւ երրորդ երկրի ներդրողների ներդրումներին եւ եկամուտներին՝ ներդրումների ընդլայնման, կառավարման, իրագործման, գործարկման եւ օտարման կամ տնօրինման առումով:

Համաձայնագրով սահմանվում են երաշխիքներ՝ ազգայնացման եւ օրենսդրական փոփոխությունների դեպքում ներդրողների իրավունքների պաշտպանության եւ կորուստների փոխհատուցման համար, ինչպես նաեւ երաշխավորվում է ներդրումներից ստացվող եկամուտների ազատ տնօրինումը եւ փոխանցումը կապիտալի ծագման երկիր եւ այլ երկրներ:

3. Ըստ համաձայնագրի՝ պայմանավորվող ցանկացած Կողմի յուրաքանչյուր ներդրողի ներդրումները չեն կարող օտարվել կամ ենթարկվել այնպիսի միջոցառումների, որոնք համարժեք են օտարման մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է այդ Պայմանավորվող կողմի հասարակական շահերից եւ կատարվում է Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով: Գործողությունների իրականացումն այդպիսի դեպքերում պետք է պահպանի անխտրականության սկզբունքը, եւ օտարումը պետք է ուղեկցվի նախնական, արդյունավետ եւ համարժեք փոխհատուցմամբ:

4. Համաձայնագիրը նաեւ նախատեսում է ներդրումային վեճերի լուծման՝ միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգեր:

5. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9 եւ 28 հոդվածների պահանջներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին 2000 թվականի հունվարի 19-ին Երուսաղեմում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 դեկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 272

print page Տպել էջը