ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 29 դեկտեմբերի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Ռ. Մարտիրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային պարենի ծրագրի միջեւ հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստորագրվել է 2000 թվականի հունիսի 9-ին՝ Երեւանում, որի նպատակը Համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվելիք օգնության պայմանների հստակեցումն է: Այդպիսի օգնության տրամադրում նախատեսված է տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրերին օժանդակելու, բնական աղետների եւ այլ արտակարգ պայմանների հետեւանքով առաջացած պարենի արտակարգ կարիքները բավարարելու անհրաժեշտության դեպքերում:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնել է հետեւյալ հիմնական պարտավորությունները.
- Հայաստանի Հանրապետության տարածքում Համաշխարհային պարենի ծրագրի իրականացման համար տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն եւ հնարավորություններ,
- ապահովել հանրապետության տարածքում ծրագրի իրականացման շրջանակներում ստացված պարենային եւ ոչ պարենային ապրանքների անվտանգ տեղաշարժը, ինչպես նաեւ այդ ապրանքների օգտագործումն ըստ նպատակային նշանակության,
- առանց հարկման եւ խոչընդոտների ապահովել պարենային ծրագրի շրջանակներում անհրաժեշտ սարքավորումների ներկրման հնարավորություն, ինչպես նաեւ ապահովել հաղորդակցության եւ գրագրության անձեռնմխելիություն, ընդ որում, Համաշխարհային պարենի ծրագրի, վերջինիս միջոցների, գույքի, ինչպես նաեւ ծրագիրն իրականացնող պաշտոնյաների ու խորհրդականների նկատմամբ կիրառել Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին միջազգային կոնվենցիայի դրույթները, ազատել միջազգային պարենային ծրագրի պաշտոնյաներին կամ համապատասխան ծառայություններ մատուցող այլ անձանց իրավական այնպիսի պարտականությունների կատարումից, որպիսիք կարող են խոչընդոտել համաձայնագրով իրականացվող գործառնությունների իրականացմանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաձայնագրով ստանձնված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով բխում են ՀՀ Սահմանադրության 4, 31 եւ 33 հոդվածների պահանջներից, ինչպես նաեւ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին 1966 թվականին ՄԱԿ-ի շրջանակներում կնքված միջազգային դաշնագրի (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թ. հունիսի 9-ին) դրույթներից, քանի որ կոչված են ապահովելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան՝ նաեւ արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովելով նյութական ու սոցիալական պաշտպանվածության երաշխիքներ:
4. Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ՝ Համաշխարհային պարենի ծրագրի գրասենյակ հիմնելու, դրա կարգավիճակի, պարենային ծրագրի իրականացումը վերահսկելու, այդ ծրագիրը դադարեցնելու պայմանների, առաջացած վեճերի լուծման ընթացակարգի, համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ գործողության դադարեցման վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային պարենի ծրագրի միջեւ 2000 թվականի հունիսի 9-ին Երեւանում ստորագրված հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
29 դեկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 273