ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 10 hունվարի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ.Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ երկաթուղային տրանսպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել 2000 թվականի դեկտեմբերի 12-ին սահմանադրական դատարանում մուտքագրված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ.Պապայանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Բեգլարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 25-ին Կիեւում՝ երկու պետությունների միջեւ երկաթուղային հաղորդակցության հետագա զարգացման եւ այդ բնագավառում համագործակցության նպատակով։ Կողմերն ստանձնում են հետեւյալ պարտավորությունները.

ա) համագործակցել փոխադարձ երկաթուղային հաղորդակցության, ուղեւորների եւ բեռների փոխադրումների բնագավառում, երկաթուղային տրանսպորտի արտադրատեխնիկական, տնտեսական եւ գիտական հարցերում, ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտի մասնագետների պատրաստման բնագավառում, իր տարածքում ճանաչել մյուս Կողմի ուսումնական հաստատություններն ավարտելու մասին փաստաթղթերի հավասար իրավաբանական ուժը.

բ) ապահովել ուղեւորների, բեռների, փոստի անարգել փոխադրումը, տարանցիկ փոխադրումների կազմակերպումը, միմյանց անհապաղ տեղեկացումը խոչընդոտների առաջացման եւ վերացման մասին, շարժակազմի, սարքավորումների, մեքենաների, պահեստամասերի, նավթամթերքների եւ այլ նյութական միջոցների փոխադարձ մատակարարումը, ծառայողական անձնակազմի անվտանգությունը .

գ) իրականացնել համակարգված սակագնային քաղաքականություն, որը կարգավորվում եւ սահմանվում է Կողմերի իրավասու մարմինների եւ երկաթուղիների միջեւ երկկողմ համաձայնագրով ու միջազգային պայմանագրերով.

դ) իր տարածքում ապահովել մյուս Կողմի ծառայողական անձնակազմի մուտքն ու գործունեությունը՝ համաձայնագրից բխող խնդիրներն իրականացնելու նպատակով.

ե) ստանձնել հասցված վնասի համար պատասխանատվություն՝ ըստ համաձայնագրում նախատեսված կարգի:

2. Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով, նախատեսված է դրա ուժի մեջ մտնելու եւ գործողությունը դադարեցնելու, ինչպես նաեւ համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը։

3. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին եւ դուրս չեն այն սահմաններից, որոնք նշված են ՄԱԿ-ի կանոնադրության՝ միջազգային տնտեսական ու սոցիալական համագործակցության վերաբերյալ հոդվածներում (հոդվ. 55, 56)։ Համաձայնագրի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության այլ միջազգային պարտավորություններին տվյալ ոլորտում։

4. Համաձայնագրի դրույթներն ուղղակի կամ անուղղակի առնչվում են ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների հետ.

ա) ընդհանուր բովանդակային առումով այն բխում է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում շարադրված՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերությունների հաստատման սկզբունքից.

բ) ուղեւորների փոխադրման հարցերի կարգավորումը կարող է բարելավել ՀՀ Սահմանադրության 22 հոդվածում ամրագրված՝ Հայաստան մուտք գործելու եւ Հայաստանից դուրս գալու իրավունքի ապահովման պայմանները .

գ) համաձայնագրի անդրադարձը՝ փոխադարձ նյութական պատասխանատվության, գույքի պահպանության (հոդված10), վնասի հատուցման (հոդված 11) հարցերին ներդաշնակ է ՀՀ Սահմանադրության 8 հոդվածում ամրագրված սեփականության պաշտպանության դրույթին.

դ) համագործակցությունը մասնագետների պատրաստման ոլորտում (հոդված 12) կնպաստի ՀՀ Սահմանադրության 35 հոդվածում ամրագրված կրթության իրավունքի ապահովման հնարավորությունների ընդլայնմանը.

ե) նախատեսելով ծառայողական անձնակազմի անվտանգությունը (հոդված 10), համաձայնագիրն առնչվում է աշխատանքի անվտանգության խնդրին, որը նշված է ՀՀ Սահմանադրության 29 հոդվածում, իսկ իր տարածքում աշխատող մյուս Կողմի անձնակազմին անհատույց բժշկական օգնություն ցուցաբերելու պարտավորությունը (հոդված 9, կետ 6) համահունչ է նաեւ ՀՀ Սահմանադրության 34 հոդվածում նշված առողջության պահպանման իրավունքին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ երկաթուղային տրանսպորտի բնագավառում համագործակցության մասին 1999 թվականի դեկտեմբերի 25-ին Կիեւում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 hունվարի 2001 թվականի
ՍԴՈ - 274

print page Տպել էջը