ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 10 hունվարի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալական Հանրապետության կառավարության միջեւ ուղեւորների եւ բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1999 թվականի օգոստոսի 7-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Բեգլարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրը Պայմանավորվող պետությունների կառավարությունների միջեւ ստորագրվել է 1999 թվականի օգոստոսի 7-ին՝ Երեւանում։ Համաձայնագրի նպատակն է կարգավորել երկու երկրների տարածքների միջեւ կամ այդ տարածքներով տարանցմամբ իրականացվող՝ ուղեւորների եւ բեռների ավտոտրանսպորտային փոխադրումները։
2. Համաձայնագրով սահմանվում է, որ յուրաքանչյուր Կողմի փոխադրող պետք է իրավունք ունենա երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ տարանցմամբ մյուս Կողմի տարածքով, իրականացնել ուղեւորների եւ բեռների փոխադրում այն Պայմանավորվող կողմի երկրում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով, որտեղ փոխադրողն ունի իր գրանցված գրասենյակը։
3. Համաձայնագիրն առանձնացնում է կանոնավոր եւ ոչ կանոնավոր փոխադրումներ հասկացությունները։ Կանոնավոր փոխադրումները երկու երկրների միջեւ հաստատվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից եւ իրականացվում են հատուկ թույլտվության հիման վրա։ Թույլտվությունը՝ չփոխանցվող եւ ժամկետային փաստաթուղթ է։ Համաձայնագրով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ փոխադրումները կարող են իրականացվել առանց թույլտվության՝ ոչ կանոնավոր փոխադրումներ (փակ դռներով փոխադրում, վերադարձ առանց ուղեւորների),տարանցիկ փոխադրումներ, հանգուցյալների աճյունների փոխադրում, ցուցահանդեսների համար նախատեսված բեռների փոխադրում եւ այլն։
Համաձայնագիրը սահմանում է երկու երկրների իրավասու մարմինների՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության եւ Իտալական Հանրապետության տրանսպորտի եւ նավագնացության նախարարության, ցամաքային տրանսպորտի վարչության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի իրավասությունները։
Համաձայնագրով Պայմանավորվող կողմերի ընկերություններին արգելվում է ներքին ուղեւորափոխադրումներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում։
4. Համաձայնագրով կարգավորվում են նաեւ փոխադրողների եւ ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ճանապարհային երթեւեկության եւ փոխադրումների կանոնների, ինչպես նաեւ համաձայնագրի դրույթների խախտման համար պատասխանատվության հարցերը։
Երկու պետությունների անվտանգության ապահովմանն է ուղղված համաձայնագրի այն դրույթը, համաձայն որի բեռնափոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների մուտքը մի Պայմանավորվող պետության տարածք, այդ տարածքում դրանց տեղաշարժվելը եւ մնալը կարգավորվում է հատուկ կանոններով։ Ընդ որում, այդ կանոնների կիրառման եւ ավտոտրանսպորտային միջոցների ստուգումների հիմքում ընկած է փոխադարձության սկզբունքը։
5. Համաձայնագրով նախատեսված են Պայմանավորվող կողմերի տարածքների միջեւ փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների վարորդների եւ անձնակազմի այլ անդամների անձնական օգտագործման եւ ուղեւորությանընթացքում ավտոտրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ այն առարկաները, որոնք ազատվում են մաքսատուրքերից։ Մաքսային այս արտոնությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ։
6. Համաձայնագրի 28 հոդվածը Պայմանավորվող կողմերին իրավունք է վերապահում իրենց պետության անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով փոխադարձաբար սահմանափակել ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ բեռների տրանսպորտային փոխադրումները կարգավորելու միջոցով։
Համաձայնագրի 28 հոդվածը համահունչ է Մարդու քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12 հոդվածի պահանջներին, որը՝ որպես պետության տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման հիմք, ի թիվս այլ հիմքերի, նախատեսում է նաեւ պետական անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը։
7. Քննության առարկա համաձայնագիրը երկու պետությունների ուղեւորների եւ բեռների կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային ձեռնարկությունների համար ստեղծում է հավասար հնարավորություններ՝ առանց միակողմանի արտոնությունների եւ նախապատվությունների։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալական Հանրապետության կառավարության միջեւ ուղեւորների եւ բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1999 թվականի օգոստոսի 7-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
10 hունվարի 2001 թվականի
ՍԴՈ - 276