ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 10 hունվարի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, հրավիրված՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Վ. Գաբրիելյանի եւ իրավաբանական վարչության պետ Լ. Ամիրջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 եւ 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հրավիրված Վ. Գաբրիելյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում՝ Կողմերի միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաեւ այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքերի, ինչպես նաեւ այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն:

Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում եւ այլն:

2. Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաեւ սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները:

3. Յուրաքանչյուր Կողմ նշանակում է սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու գործադիր գերատեսչություններ, որոնց միջոցով Կողմերը կկնքեն առանձին պայմանագրեր կամ ձեռք կբերեն գրավոր պայմանավորվածություններ:

Հայաստանի Հանրապետության կողմից, մասնավորապես, այդպիսիք են հանդիսանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ՀՀ պետական եկամուտների նախարարությունը:

4. Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաեւ պարտավորվում է.

- առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման եւ ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որեւէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից.

- ազատել ԱՄՆ-ի կառավարությունը, բացառությամբ համապատասխան պայմանագրերով նախատեսված հայցերի, դատական պատասխանատվությունից եւ հայցերից՝ համաձայնագրի կատարման հետ կապված գործողությունների իրականացման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում որեւէ անձի սեփականությանը հասցված կորստի կամ վնասի համար, եւ չպահանջել ԱՄՆ-ի կառավարությունից, նրա աշխատակիցներից, կապալառուներից եւ նրանց ծառայողներից ցանկացած անձի մահվան կամ վիրավորվելու հետ կապված փոխհատուցում:

Համաձայնագրին համապատասխան նման փոխհատուցում Կողմերը կարող են իրականացնել իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

5. Ըստ համաձայնագրի՝ ԱՄՆ-ի կառավարությունը եւ նրա աշխատակիցները, կապալառուներն ու կապալառուների աշխատակիցները սույն համաձայնագրի կատարման ընթացքում ՀՀ տարածքում ազատվում են հարկեր, մաքսային եւ այլ տուրքեր վճարելուց, իսկ ԱՄՆ-ի ռազմական կամ քաղաքացիական անձնակազմերը, որոնք սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում գտնվում են ՀՀ տարածքում, օգտվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով վարչական եւ տեխնիկական անձնակազմերի համար նախատեսված անձեռնմխելիությունից ու արտոնություններից:

6. Ըստ համաձայնագրի՝ անկախ դրա գործողության դադարեցումից, ՀՀ կառավարությունը պարտավոր է շարունակել անժամկետ կատարել սույն համաձայնագրի 6 եւ 7 հոդվածներով նախատեսված պարտավորությունները, եթե Կողմերի միջեւ լրացուցիչ գրավոր համաձայնությամբ այլ բան չնախատեսվի:

7. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը նախադրյալներ է ստեղծում իր միջազգային, այդ թվում ԱՊՀ շրջանակներում

ստանձնած մի շարք պարտավորությունների կատարման համար՝ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման եւ երկակի նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների եւ ծառայությունների արտահանման վերահսկման ոլորտներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 hունվարի 2001 թվականի
ՍԴՈ - 277

print page Տպել էջը