ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 28 ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ, 32 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Գ» ԿԵՏԻ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԻ, 35 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 36 ՀՈԴՎԱԾԻ, 40 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 42 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 59 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 11 hունվարի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝
դիմող կողմի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շ. Քոչարյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա. Երեմյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 55 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Ազգային ժողովի կողմից 2000 թվականի հոկտեմբերի 9-ին ընդունված՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 10-րդ մասի, 32 հոդվածի 1-ին մասի «գ» կետի եւ 4-րդ մասի, 35 հոդվածի 1-ին մասի, 36 հոդվածի, 40 հոդվածի 1-ին մասի, 42 հոդվածի 2-րդ մասի, 59 հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշված հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու մասին:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, հետազոտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին, ուղարկվել է ՀՀ Նախագահի ստորագրմանը 2000 թ. հոկտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2000 թվականի նոյեմբերի 9-ին, պաշտոնապես հրապարակվել եւ ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 18-ին:
Հայաստանի Հանրապետության Նախագահը, ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով, նշված օրենքի վերաբերյալ առարկություններ կամ առաջարկություններ չի ունեցել:
2. Քննարկվող օրենքը սահմանում է հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները, կանոնակարգում է դրանց հիմնադրման, արտոնագրման եւ ղեկավարման կարգը, ինչպես նաեւ դրանց ստեղծման ու գործունեության հետ կապված մյուս հարցերը:
Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի, հեռուստառադիոընկերությունները կարող են լինել ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր: Նրանք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:
Օրենքի 28-36 հոդվածներով սահմանվում են Հանրային հեռուստառադիոընկերության կազմակերպման եւ գործունեության հիմնական սկզբունքներն ու կարգը, դրա իրավական կարգավիճակի առանձնահատկությունները:
Օրենքի 37-46 հոդվածներով սահմանվում են մասնավոր հեռուստառադիոընկերությունների գործունեությունն արտոնագրող եւ վերահսկող անկախ մարմնի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի լիազորությունները, կազմավորման եւ գործունեության կարգը:
3. Օրենքի 28, 32, 35, 36, 40, 42 եւ 59 հոդվածների վիճարկվող դրույթները վերաբերում են Հանրային հեռուստառադիոընկերության ու Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի կանոնադրությունների հաստատման եւ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության պետական ֆինանսավորման կարգին:
4. Դիմող կողմը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, քանի որ, նախ՝ Ազգային ժողովի լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, դրանք չեն ներառում այնպիսի գործառույթներ, որոնք վերաբերում են որեւէ իրավասուբյեկտի կանոնադրության հաստատմանը, ընդհանուր պետական բյուջեից առանձնացված ֆինանսական հատուկ վերահսկողության իրականացմանը, ինչպես նաեւ հաշվետվությունների միջոցով գործունեության վերահսկմանը: Երկրորդ՝ տվյալ օրենքով Ազգային ժողովին նման լիազորությունների վերապահումն անմիջական կախվածության մեջ է դնում Հանրային հեռուստառադիոընկերությանը՝ պետական իշխանության օրենսդիր մարմնից: Բացի դրանից, Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի գործունեության վերահսկման առնչությամբ օրենքի վիճարկվող նորմերով Ազգային ժողովին վերապահված լիազորությունները չեն բխում գործադիր գործառույթներ իրականացնող անկախ մարմին ստեղծելու սկզբունքներից:
5. Պատասխանող կողմը գտնում է, որ, նախ՝ չնայած օրենքն ընդունվել է որոշ շտապողականությամբ եւ ունի շտկման կարիք ունեցող նորմեր, սակայն դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությանը: Երկրորդ, թե° Հանրային հեռուստառադիոընկերության եւ թե° Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը նախատեսվում է հաստատել օրենքով, որի սահմանադրական իրավասությունը, իրենց կարծիքով, ունի Ազգային ժողովը: Երրորդ՝ ֆինանսական վերահսկողությանն առնչվող վիճարկվող նորմերը համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորություններին, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 77 հոդվածի դրույթներին: Չորրորդ՝ օրենքով նախատեսված վերահսկման համակարգը հակակշիռ է նույն օրենքով Հանրապետության Նախագահին վերապահված լիազորություններին եւ նպատակ ունի ապահովել տվյալ մարմինների գործունեության հրապարակայնությունը:
6. Օրենքի վիճարկվող դրույթները վերաբերում են երկու տարբեր իրավասուբյեկտների՝ Հանրային հեռուստառադիոընկերության եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի կազմավորման ու գործունեության կարգին: Դրանով, նախ, նպատակ է հետապնդվում իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային հեռուստատեսությունը եւ ռադիոն վերակազմավորելու Հանրային հեռուստառադիոընկերության: Նման մոտեցումը պայմանավորված է նաեւ Եվրոպայի խորհրդին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով, որոնցում նախատեսված է. «Ազգային հեռուստատեսային ալիքը փոխարինել հանրային հեռուստատեսային ալիքով՝ անկախ վարչական խորհրդի ղեկավարությամբ»: Անհրաժեշտ է ընդգծել նաեւ, որ այս պարտավորությունը վերաբերում է մարդու իրավունքների բնագավառում նախատեսվող խնդիրներից մեկին եւ դրա իրականացման հիմքում, մասնավորապես, պետք է դրվի ՀՀ Սահմանադրության 4 հոդվածի պահանջը:
Թերեւս այս նկատառումներից ելնելով է քննության առարկա օրենքի 28 հոդվածը սահմանում, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունն ստեղծում է պետությունը՝ ապահովելու համար քաղաքացիների սահմանադրական իրավունքը...», նկատի ունենալով, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 24 հոդվածի պահանջը: Սակայն, խնդիրը միայն այն չէ, որ տվյալ ձեւակերպմամբ սահմանափակվել են մարդու սահմանադրական իրավունքները՝ դրանք վերապահելով միայն քաղաքացիներին: Կարեւոր է նաեւ այն, թե օրենքում ինչպիսի հետեւողականությամբ է իրականացվում հիմնական գաղափարը՝ լրատվական նոր համակարգի գործառնական անկախության ապահովման տեսակետից: Օրենքի ամբողջական վերլուծությունը վկայում է, որ այս հարցում լուծումները թերի են:
Ուստի օրենքի վիճարկվող դրույթների (մասնավորապես, 28 եւ 36 հոդվածների) սահմանադրականության հարցն ամենից առաջ առնչվում է վերոհիշյալ հիմնական խնդրին: Օրենքը նախատեսում է Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդի կազմավորման ու գործունեության այնպիսի կարգ, որն ամրագրում է Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետում նրանց նշանակման անփոփոխելիության սկզբունքը, լիազորությունների ավելի երկար ժամկետ՝ քան ունի նշանակման իրավասությամբ օժտված ՀՀ Նախագահը, Խորհրդի նախագահի եւ տեղակալի ընտրության կոլեգիալության սկզբունքի կիրառումը: Խորհրդի կազմավորման հետ կապված պետական իշխանության ինստիտուտների նման առնչությունները շարունակական վերահսկման բնույթ չեն կրում: Թերեւս, համակարգի անկախ գործունեության երաշխիքների ամրապնդման տեսակետից կարող էին գտնվել նաեւ այլ լուծումներ, սակայն ոչ այն ճանապարհով, որով ուժեղանում է պետական իշխանության մարմինների շարունակական, տեւական, ուղղակի եւ անուղղակի ազդեցությունները նոր ձեւավորվող համակարգի գործունեության վրա:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող նորմերով Հանրային հեռուստառադիոընկերության հիմնադրման եւ գործունեության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում, մասնավորապես, Ազգային ժողովին նման լիազորություններով օժտելը նախ՝ պետք է բխեր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն սկզբունքներից, համաձայն որոնց, եթե Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեության շրջանակները հստակեցված եւ սահմանափակված չեն, ապա 62, 71, 76, 77, 81 եւ մի շարք այլ հոդվածների համադրումից ակնհայտ է, որ գործադիր իշխանության նկատմամբ Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունները սահմանված են որոշակի եւ կոնկրետ: Բացի դրանից, օրենքի 28 հոդվածի 10-րդ մասով եւ 42 հոդվածի 2-րդ մասով Ազգային ժողովին վերապահված լիազորությունը նման ձեւակերպմամբ ենթադրում է ոչ թե Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեության իրականացում, այլ անմիջական եւ չհակակշռվող լիազորություն: Եթե տվյալ նորմերը ձեւակերպված լինեին, որ, համապատասխան կանոնադրություններն ընդունվում են օրենքով, ապա այդ նորմերն իրավական այլ բովանդակություն կստանային:
Երկրորդ՝ քննության առարկա դրույթների առումով Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիան, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի դաշնագիրը եւ միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի՝ ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարեւոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը: Սակայն, դա չի խոչընդոտում այս ոլորտում լիցենզավորման համակարգի կիրառումը, ինչպես նաեւ հասարակության եւ պետության օրինական շահերից ելնելով՝ օրենքով որոշ սահմանափակումներ նախատեսելը:
Տվյալ դեպքում, նման սահմանափակում նախատեսող օրենքներում պետք է հաշվի առնվեն հետեւյալ հանգամանքները.
ա) հարաբերությունների սահմանման եւ կարգավորման առումով օրենքը պետք է լինի առավելապես ընդհանուր եւ վերացական, քան կոնկրետ հասցեագրված,
բ) նախատեսվող սահմանափակումները պետք է լինեն համաչափ եւ բխեն ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ազգային օրենսդրության ժողովրդավարական սկզբունքների էությունից,
գ) սահմանափակումները չպետք է լինեն այնպիսին, որոնք վտանգեն մարդու իրավունքների հիմնական բովանդակությունը:
Հետեւաբար, հարցը պետք է վերաբերի ոչ թե անկախ գործելու իրավասությամբ օժտված մարմնի գործունեությանը շարունակական եւ գործառնական վերահսկողությամբ միջամտելուն, այլ անկախ գործելու օրենսդրական ապահովմանը՝ վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով: Այս սկզբունքը պետք է գերակայող նշանակություն ունենար տվյալ օրենքի համար:
7. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 10-րդ մասում նշվում է. «Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը», իսկ 32 հոդվածում, որտեղ շարադրված են Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմնի՝ Խորհրդի լիազորությունները, նախատեսվում է, որ Խորհուրդը՝ «մշակում եւ Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը» (1-ին մաս, «գ» կետ) եւ «իր գործունեության մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով» (32 հոդված):
ՀՀ Սահմանադրության 75 հոդվածով նախատեսված է Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող սուբյեկտների սպառիչ ցանկը, եւ օրենքով այլ մարմիններ չեն կարող լիազորվել օրենսդիր մարմնին ներկայացնել այնպիսի իրավական ակտերի նախագծեր՝ որոնք օրենքի ընդունման ընթացակարգով քննության առարկա են դառնում եւ որոնց նորմերը պետք է ստանան օրենքի նորմի իրավական ուժ:
Ինչ վերաբերում է 32 հոդվածի 4-րդ մասի վիճարկվող դրույթին, ապա նման հաղորդումը կարող է ունենալ միայն հրապարակայնություն ապահովելու նպատակ եւ չի կարող առաջացնել որեւէ իրավական հետեւանքներ:
8. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասում նշվում է. «Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա՝ Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը (բյուջեն)՝ առանձին տողով նշելով Խորհրդին, Հանրային հեռուստաընկերությանը եւ Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները, եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը»:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման, հաստատման եւ կատարման նկատմամբ վերահսկողության հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 76 հոդվածով եւ 89 հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի օրենքով եւ այլ իրավական ակտերով:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 76 հոդվածի՝ «Ազգային ժողովը կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն», իսկ 89 հոդվածի 2-րդ կետի՝ կառավարությունը «Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին»:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21 հոդվածի համաձայն պետական կառավարման մարմիններն իրենց եւ համակարգի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ դրանց կցելով նախատեսվող ծախսերի նախահաշիվը՝ համապատասխան հիմնավորումով: Ներկայացված հայտերի ուսումնասիրությունից եւ դրանց հետ կապված տարաձայնությունները համաձայնեցնելուց հետո պետական բյուջեի վերջնական նախագիծը կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով:
Այսպիսով, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի իրավադրույթը եւ' բովանդակության, եւ' ձեւի առումով որեւէ կերպ չի շեղվում ՀՀ Սահմանադրության 76 հոդվածի եւ 89 հոդվածի 2-րդ կետի պահանջներից, եւ ոչ էլ հակադրվում է դրանց:
9. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գլուխ V-ը նվիրված է Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի՝ որպես անկախ պետական մարմնի, հիմնադրման, իրավասության եւ գործունեության կազմակերպման հարցերին: Ընդ որում, համաձայն օրենքի 37 հոդվածի՝ Ազգային հանձնաժողովի գործունեությունն առնչվում է միայն մասնավոր հեռուստառադիոընկերությունների արտոնագրման եւ վերահսկողության հետ:
Նման հանձնաժողովների ստեղծումը նպատակ է հետապնդում ոչ միայն սահմանափակել տվյալ ոլորտի նկատմամբ վարչակառավարչական ներազդեցության հնարավորությունները եւ պետական կառավարման գործառույթը փոխարինել կարգավորման գործառույթով, այլեւ օրենքով երաշխավորել համակարգի գործունեության անկախությունն ու դրա սուբյեկտների հավասար իրավական պաշտպանվածությունը: Օրենքի բազմաթիվ հոդվածների վերլուծությունից հետեւում է, որ տվյալ խնդիրը դեռեւս հստակ եւ ամբողջական լուծում չի ստացել:
Ինչ վերաբերում է Ազգային հանձնաժողովին առնչվող, վիճարկվող դրույթներին, ապա քննարկվող օրենքով Ազգային ժողովին տրված են Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի ինչպես հիմնադրման, այնպես էլ վերահսկման հարցերին վերաբերող մի շարք լիազորություններ:
Այսպես, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի՝
ա) 40 հոդվածի 1-ին մասում նշվում է. «Յուրաքանչյուր տարի Ազգային հանձնաժողովը ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Ազգային ժողովն այդ հաշվետվության հավաստիությունը ճշտելու նպատակով, Վերահսկիչ պալատի միջոցով, կարող է անցկացնել Ազգային հանձնաժողովի գործունեության աուդիտ:
Ազգային հանձնաժողովն իր հաշվետվությունը հրապարակում է մամուլում»,
բ) 42 հոդվածի 2-րդ մասում նշվում է. «Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»,
գ) 59 հոդվածի 3-րդ մասում նշվում է. «Ազգային հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի ձեւավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը, որը հաստատում է Ազգային ժողովը»:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40 հոդվածի 1-ին մասի, 59 հոդվածի 3-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ 40 հոդվածի վիճարկվող նորմն այն մասով, որով Ազգային հանձնաժողովին է իրավասություն վերապահվում ֆինանսական հաշվետվությունն անմիջականորեն Ազգային ժողով ներկայացնել, չի բխում պետական բյուջեի կատարման վերահսկման՝ Սահմանադրության 77 եւ 89 հոդվածներով սահմանված կարգի դրույթներից:
Իսկ հոդված 59-ի վիճարկվող դրույթը, որով սահմանված է Ազգային հանձնաժողովի կանոնադրության ներկայացման կարգը, չի բխում ՀՀ Սահմանադրության 75 հոդվածի առաջին մասի պահանջներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետով, 55, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 10-րդ մասը, համաձայն որի՝ «Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը», այս ձեւակերպմամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 62 հոդվածի պահանջներին:
2. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի 1-ին մասի «գ» կետը, համաձայն որի՝ «Խորհուրդը՝ մշակում եւ Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը», չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 75 հոդվածի առաջին մասի պահանջներին:
3. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ «Խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով», այնքանով, որքանով չի առաջացնում իրավական հետեւանքներ, չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:
4. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ «Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա՝ Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը (բյուջեն)՝ առանձին տողով նշելով Խորհրդին, Հանրային հեռուստաընկերությանը եւ Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները, եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը», համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
5. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածը, համաձայն որի՝ «Խորհուրդը Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության տարեկան նպատակային ծրագիրը եւ հաշվետվությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողովի հաստատմանը», չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 4, 5, 62 եւ 75 հոդվածների պահանջներին:
6. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40 հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր տարի Ազգային հանձնաժողովը ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Ազգային ժողովն այդ հաշվետվության հավաստիությունը ճշտելու նպատակով, Վերահսկիչ պալատի միջոցով, կարող է անցկացնել Ազգային հանձնաժողովի գործունեության աուդիտ», ֆինանսական հաշվետվությունը ներկայացնելու կարգին վերաբերող դրույթի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 75 եւ 89 հոդվածների պահանջներին:
7. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ «Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը», այս ձեւակերպմամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 62 հոդվածի պահանջներին:
8. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59 հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ «Ազգային հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի ձեւավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը, որը հաստատում է Ազգային ժողովը», չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 75 հոդվածի առաջին մասի պահանջներին:
9. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայան ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11 hունվարի 2001 թվականի
ՍԴՈ - 278