ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 12 hունվարի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռ. Շառոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1994 թվականի ապրիլի 8-ին ստորագրված՝ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հիմնադրման ընդլայնված մասնակի համաձայնագրի վերաբերյալ որոշման եւ 1998 թվականի հուլիսի 2-ին ստորագրված՝ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի գործունեության շարունակությունը հաստատող որոշման մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրվել է 25.12.2000 թ.):

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունները, հետազոտելով որոշումները եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հիմնադրման ընդլայնված մասնակի համաձայնագրի վերաբերյալ որոշումն ստորագրվել է 1994 թվականի ապրիլի 8-ին (գործել է մինչեւ 1997 թվականի դեկտեմբերի 31-ը), իսկ Կենտրոնի գործունեության շարունակությունը հաստատող որոշումն ստորագրվել է 1998 թվականի հուլիսի 2-ին: Այդ որոշումները նպատակ ունեն նպաստել Եվրոպայի լեզվական եւ մշակութային համագործակցության զարգացմանը:

2. Վերոհիշյալ որոշումներով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պարբերական մուծումներ կատարել մասնակի համաձայնագրի բյուջե՝ որոշումներով նախատեսված գործունեության ծրագրի իրականացման, ինչպես նաեւ ընդհանուր քարտուղարության ծախսերը հոգալու համար:

3. Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հիմնադրման ընդլայնված մասնակի համաձայնագրի վերաբերյալ եւ Կենտրոնի գործունեության շարունակությունը հաստատող որոշումների հիմքում դրված է մասնակի եւ ընդլայնված համաձայնագրի վերաբերյալ Նախարարների կոմիտեի (93) 28 որոշումը: 94 (10) եւ 98 (11) որոշումներն ունեն հավելվածներ՝ Կենտրոնի կանոնադրություններ, որոնցով սահմանվում են Կենտրոնի նպատակներն ու խնդիրները, ղեկավար մարմինների (գլխադասային խորհուրդ եւ այլն) կազմավորման կարգը, նրանց գործունեության ոլորտները եւ այլն:

Որոշումներին կարող է միանալ Եվրախորհրդի անդամ պետությունը կամ Եվրոպական մշակութային կոնվենցիայի կողմը (Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է Ազգային ժողովի 1997 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ):

4. Որոշումները կարող են նպաստել այլ երկրների հետ Հայաստանի Հանրապետության մշակութային համագործակցության զարգացմանը եւ համահունչ են ՀՀ Սահմանադրության 9, 11, 12, 36 հոդվածների դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1994 թվականի ապրիլի 8-ին ստորագրված՝ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հիմնադրման ընդլայնված մասնակի համաձայնագրի վերաբերյալ որոշման եւ 1998 թվականի հուլիսի 2-ին ստորագրված՝ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի գործունեության շարունակությունը հաստատող որոշման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

12 hունվարի 2001 թվականի
ՍԴՈ - 279

print page Տպել էջը