ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 27 նոյեմբերի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապեության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի եւ ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի եւ ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի եւ ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին համաձայնագիրը ստորագրվել է 1996 թվականի սեպտեմբերի 27-ին Մոսկվայում, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ հայերեն եւ ռուսերեն, որոնց տեքստերը համազոր են։

Համաձայնագիրն ունի "Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկի" վերաբերյալ հավելված, որը դրա անբաժանելի մասն է կազմում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող վերջին ծանուցման օրվանից եւ ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում։

Համաձայնագիրը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի եւ ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի հետ կապված կողմերի իրավունքները եւ պարտականությունները։

Ըստ համաձայնագրի Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանյան Դաշնությանը համաձայնագրի գործողության ժամկետով անհատույց հանձնում է հողամասեր՝ այնտեղ գտնվող անշարժ գույքով հանդերձ։ Հողի հանձնումը ձեւակերպվում է Կողմերի միջեւ սահմանված կարգով։ Հանձնումը կատարվելու է համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից 6-ամսյա ժամկետում։ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրի գործողության դադարումից հետո հողամասերը եւ այնտեղ գտնվող անշարժ գույքը վերադարձվում են Հայաստանի Հանրապետությանը։

Համաձայնագրի մեկնաբանման եւ կիրառման հետ կապված հնարավոր վեճերը պետք է լուծվեն Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրով սահմանված կարգով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի եւ ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 նոյեմբերի 1996 թվականի
ՍԴՈ-28

print page Տպել էջը