ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 2 փետրվարի 2001թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ.Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Կ. Կարապետյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի եւ 21(1) հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրական էներգիայի եւ հզորության տարանցման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ էներգետիկայի նախարար Կ. Գալուստյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000թվականի հունվարի 25-ին Մոսկվայում՝ Կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի տեխնիկական ու տնտեսական առավելություններն օգտագործելու եւ էլեկտրական էներգիայի եւ հզորության բաց շուկայի կայացմանն աջակցելու նպատակով։

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

-ապահովել իրենց տարածքներով էլեկտրական էներգիայի եւ հզորության անարգել տարանցումը Կողմերի տնտեսավարող սուբյեկտների կնքած պայմանագրերի հիման վրա,

-արտաքին առեւտրային պայմանագրերում եւ այլ համապատասխան փաստաթղթերում նախատեսել տարանցման առավել բարենպաստ ռեժիմ,

-աջակցել էլեկտրական էներգիայի եւ հզորության տարանցման առկա համակարգերի առավելագույն օգտագործմանը,

-աջակցել էլեկտրական էներգիայի եւ հզորության տարանցումն իրականացնող՝ Կողմի տարածքում առկա էլեկտրահաղորդման գծերի վերակառուցմանը եւ նոր գծերի կառուցմանը,

-իրականացնել միջոցառումներ՝ ուղղված էլեկտրական էներգիայի եւ հզորության տարանցման Կողմերի իրավական եւ տեխնոլոգիական նորմերի եւ մեխանիզմների ներդաշնակեցմանը,

-միջոցներ ձեռնարկել էլեկտրական էներգիայի եւ հզորության տարանցման համար վճարումների ժամանակին կատարումն ապահովելու համար,

-ունենալ հակավթարային ավտոմատիկա այնպիսի ծավալով, որը բավարար է մյուս Կողմի տարածքում առաջացող համակարգային (կասկադային) վթարների զարգացում թույլ չտալու համար,

-էլեկտրական էներգիայի եւ հզորության տարանցման վրա ազդող վթարային իրավիճակների առաջացման դեպքում աջակցել վթարների կանխմանը եւ օգնել դրանց հետեւանքների վերացմանը,

-վթարի դեպքում մի Կողմն իրավունք է վերապահում մյուս Կողմերի վթարային-վերականգնողական ստորաբաժանումներին ազատորեն իր տարածք ներկրել եւ դուրս տանել սարքավորումներ եւ նյութեր, համաձայն այդ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության ցանկի, որոնք ենթակա են պարտադիր հայտարարագրման եւ մաքսային հսկողության,

-նշված սարքավորումների եւ նյութերի համար չգանձել մաքսային տուրքեր, ինչպես նաեւ չկիրառել ոչ սակագնային բնույթի սահմանափակումներ։

3. Էլեկտրաէներգետիկ օբյեկտները (որոնց միջոցով իրականացվում է տարանցումը) շահագործող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կանոնակարգվում է Կողմերի ազգային օրենսդրությամբ եւ նրանց միջեւ կնքված համաձայնագրերով։

4. Համաձայնագրով սահմանվում է նաեւ տեղեկատվության փոխանակման, համաձայնագրի կիրառման հետ կապված վեճերի լուծման, դրանում փոփոխություններ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու, դրանից դուրս գալու կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրական էներգիայի եւ հզորության տարանցման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները՝ համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 փետրվարի 2001 թվականի
ՍԴՈ - 281

print page Տպել էջը