ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 5 փետրվարի 2001թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ . Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության եւ Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեի միջեւ սահմաններով ապօրինի տեղափոխվող մշակութային արժեքների կանխարգելման եւ հետ վերադարձման հարցերով համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 2ին՝ Աստանայում, որի նպատակը Կողմերի պետությունների պետական սահմաններով մշակութային արժեքների ապօրինի տեղափոխման դեմ տարվող պայքարի ուժեղացումն ու այդ բնագավառում մաքսային համագործակցության ամրապնդումն է:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունն ստանձնել է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

-ապահովել ապօրինի տեղափոխվող մշակութային արժեքների վերադարձն արտահանող պետություն, ընդ որում, հայտնաբերված մշակութային այդպիսի արժեքների պահպանման, փոխանակման կամ վերադարձման նպատակով մյուս Կողմին ցուցաբերել անհատույց օգնություն, մյուս Կողմի հետ փոխանակել մշակութային արժեքների արտահանումն արտոնող փաստաթղթերի օրինակները,

-վերադարձվող մշակութային արժեքները չհարկել մաքսային կամ այլ վճարումներով,

-մյուս կողմի հետ փոխանակել տեղեկություն մշակութային արժեքների արտահանումը կարգավորող ներպետական օրենսդրության վերաբերյալ:

3. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով բխում են ՀՀ Սահմանադրության 11 հոդվածի պահանջներից, քանի որ կոչված են ապահովելու մշակութային արժեքների նկատմամբ պետական հոգածությունն ու պաշտպանությունը: Այդ պարտավորությունները համահունչ են Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու եւ կանխելու միջոցառումների մասին 1970 թվականի նոյեմբերի 14ին Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում կնքված կոնվենցիայի դրույթներին:

4. Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ դրանում ամրագրված պարտավորությունների կատարման պայմանների, համաձայնագրի մեկնաբանման, ինչպես նաեւ հնարավոր վեճերի լուծման ընթացակարգի, համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության եւ Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեի միջեւ սահմաններով ապօրինի տեղափոխվող մշակութային արժեքների կանխարգելման եւ հետ վերադարձման հարցերով համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ . ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

5 փետրվարի 2001 թվականի
ՍԴՈ - 282

print page Տպել էջը