ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21 - ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 9 փետրվարի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի եւ 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետի, 25 հոդվածի 1-ին կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2000 թվականի հունիսի 21-ին Մոսկվայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի կանոնադրության հաստատման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2000թ. հունիսի 21-ին՝ Մոսկվայում: Մասնակից պետություններն արձանագրության ստորագրմամբ հաստատել են դրա հավելվածը հանդիսացող՝ «Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի մասին կանոնադրությունը» եւ ստանձնել մի շարք այլ պարտավորություններ:

Գործադիր կոմիտեն հանդիսանում է Անկախ պետությունների համագործակցության մշտական հիմունքով գործող մարմինը՝ օժտված վարչական եւ համակարգող գործառույթներով: Նրա խնդիրն է ապահովել Համագործակցության մարմինների աշխատանքի կազմակերպումը:

Գործադիր կոմիտեի աշխատանքների կազմակերպման հիմքում, բացի նրա կանոնադրությունից, ընկած են նաեւ Համագործակցության հիմնադիր փաստաթղթերը, Համագործակցության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերը եւ ղեկավար մարմինների որոշումները:

Գործադիր կոմիտեն հաշվետու է Համագործակցության՝ պետությունների ղեկավարների խորհրդին, կառավարությունների ղեկավարների խորհրդին, արտաքին գործերի նախարարների խորհրդին եւ տնտեսական խորհրդին՝ նրանց իրավասությունների շրջանակներում:

Գործադիր կոմիտեին գործառույթների արդյունավետ եւ անխափան կազմակերպման համար տրվում են անհրաժեշտ պայմաններ եւ հնարավորություններ, նա օժտված է համապատասխան իմունիտետներով եւ արտոնություններով:

Գործադիր կոմիտեն լիազորված է Համագործակցության ղեկավար մարմինների հանձնարարությամբ փոխգործակցել միջազգային կազմակերպությունների եւ միությունների, այդ թվում՝ ԱՊՀ շրջանակներում ձեւավորված աշխատանքային (գործադիր) մարմինների հետ, ինչպես նաեւ մասնակցել միջազգային միջոցառումների:

Գործադիր կոմիտեն լիազորված է նաեւ Համագործակցության ղեկավար մարմինների հանձնարարություններին համապատասխան աջակցել Համագործակցության անդամ պետությունների տարածքներում զինված ընդհարումները խաղաղ միջոցներով կարգավորելու համատեղ անհրաժեշտ միջոցների իրականացմանը:

Գործադիր կոմիտեն միաժամանակ լիազորված է Համագործակցության անդամ պետությունների եւ մարմինների հետ համատեղ մշակել քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլ բնագավառներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացմանն ուղղված առաջարկություններ եւ փաստաթղթերի նախագծեր:

Գործադիր կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է ԱՊՀ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին՝ համագործակցության մարմինների միասնական բյուջեից:

Կոմիտեի գտնվելու վայրը Բելառուսի Հանրապետությունն է, Մինսկ քաղաքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.

1. 2000 թվականի հունիսի 21-ին Մոսկվայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի կանոնադրության հաստատման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

9 փետրվարի 2001 թվականի
ՍԴՈ - 285

print page Տպել էջը