2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 27 փետրվարի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ.Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2000 թվականի հունիսի 20-ին Մոսկվայում ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գ ործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հունիսի 20-ին Մոսկվայում՝ 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքները հաստատելու նպատակով:
2. Համաձայնագիրն ստորագրել են
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից բոլոր պետությունները:
Համաձայնագրով Կողմերն արտոնյալ պայմաններով ռազմական նշանակության արտադրանքի
մատակարարումներն իրականացնում են 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության
մասին պայմանագրի գործնական իրականացման նպատակով հավաքական անվտանգության տարածաշրջաններում
բազմակողմ ուժերի ու միջոցների կազմում առանձնացված ազգային զինվորական կազմավորուների
շահերից ելնելով, եթե այլ բան չի նախատեսված համապատասխան միջազգային պայմանագրերով:
Նշված մատակարարումներն իրականացվում են Կողմերի ռազմատեխնիկական համագործակցության
սուբյեկտների միջեւ կնքված կոնտրակտներով (պայմանագրերով)՝ Կողմերի լիազոր մարմինների
համաձայնեցրած եւ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատած ցանկերի հիման վրա:
Սույն համաձայնագրի իրականացման նպատակով արտոնյալ պայմաններով ռազմական նշանակության
արտադրանքի արտադրության եւ մատակարարումների ֆինանսավորման համար ստացվող ավանսային
վճարումներն ավելացված արժեքի հարկով չեն հարկվում:
3. Սույն համաձայնագրով Կողմերը
պարտավորվում են հավաքական անվտանգության տարածաշրջաններում բազմակողմ ուժերի եւ
միջոցների կազմում առանձնացված ազգային զինվորական կազմավորումներից համաձայնագրի
շրջանակներում արտոնյալ պայմաններով մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքը,
ինչպես նաեւ համաձայնագրում նշված կոնտրակտների կատարման ընթացքում արտոնյալ պայմաններով
ձեռք բերված եւ/կամ ստացված ռազմական նշանակության արտադրանքը չվաճառել կամ չփոխանցել
այլ ազգային զինվորական կազմավորումների, օտարերկրյա պետություններին, ֆիզիկական
եւ իրավաբանական անձանց կամ միջազգային կազմակերպություններին՝ առանց մատակարարող
Կողմի նախնական գրավոր համաձայնության:
Ըստ համաձայնագրի՝ մատակարարող Կողմն իրավունք ունի վերահսկողություն իրականացնելու
սույն համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի
նպատակային օգտագործման նկատմամբ: Նման վերահսկողության մեխանիզմը պետք է սահմանվի
առանձին արձանագրությամբ, որը կդառնա սույն համաձայնագրի անբաժանելի մասը:
Կողմերը պարտավորվում են ապահովել սույն համաձայնագրի իրականացման ընթացքում ստացված
տեղեկությունների պաշտպանությունը, որոնք Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան
պետական գաղտնիք են համարվում:
Համաձայնագիրն ամրագրում է իր դրույթների մեկնաբանման եւ կիրառման վերաբերյալ վեճերի
լուծման, կատարվող փոփոխությունների եւ լրացումների ընթացակարգերը:
4. Համաձայնագրի 6 եւ 14 հոդվածները պարունակում են դրույթներ, որոնք կարող են ընկալվել որպես առանձին արձանագրության ստորագրում կամ համաձայնագրի փոփոխություններ ու լրացումներ՝ առանց հետագա վավերացման ընթացակարգի: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն համաձայնագրում կատարվող յուրաքանչյուր հավելում կամ փոփոխություն Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կստանա միայն համաձայնագրի վավերացման ընթացակարգն անցնելուց հետո:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2000 թվականի
հունիսի 20-ին Մոսկվայում ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության
մասին» պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության
հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում
են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը
վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ՝ Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
27 փետրվարի 2001 թվականի
ՍԴՈ - 287