ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 27 փետրվարի 2001 թվականի
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի , համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2000 թվականի դեկտեմբերի 14-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի (Դատաիրավական բարեփոխումների ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը եւ ուսումնասիրելով դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված նախկին վարկային համաձայնագրերի իրավակիրառական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Վաշինգտոնում։ Ըստ համաձայնագրի՝ Միջազգային զարգացման ընկերակցությունը դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տարբեր տարադրամներով տրամադրելու է ութ միլիոն վեց հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (SDR 8,6 միլիոն) վարկ:
2. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պարբերաբար Ընկերակցությանը վճարել պարտավճար՝ վարկի չառհանված գումարների դիմաց՝ ոչ ավելի, քան տարեկան 0,5 տոկոսի չափով եւ սպասարկման վարձ՝ վարկի առհանումների եւ մնացորդի դիմաց՝ տարեկան 0,75 տոկոսի չափով։ Վարկի հիմնագումարը պետք է մարել կիսամյակային մուծումներով՝ 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2040 թվականի հունիսի 1-ը։
3. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պատշաճ եւ արդյունավետ իրագործել համաձայնագրի 2-րդ հավելվածում ամփոփված ծրագրի նպատակները, անհրաժեշտության դեպքում ժամանակին տրամադրել ծրագրի համար պահանջվող միջոցներ, տարածքներ, ծառայություններ եւ այլ ռեսուրսներ, Ընկերակցության համար ընդունելի առեւտրային բանկում մինչեւ 2001 թվականի հունվարի 31-ը բացել եւ վարել ծրագրի հաշիվ, ինչպես նաեւ ծրագիրն իրագործել ըստ համաձայնագրի 4-րդ հավելվածում սահմանված իրականացման պլանի։
4. Քննության առարկա համաձայնագրով վարկավորվող ծրագրի նպատակներն են՝ դատական համակարգի կառավարման կատարելագործումը, դատարանների կառավարման եւ գործավարության բարելավումը, դատավորների եւ դատարանների աշխատակազմերի շարունակական ուսուցման համար ինստիտուցիոնալ հիմքի զարգացումը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժեղացումը, դատավորների, իրավաբանների, գործարար միջավայրի եւ քաղաքացիների համար մատչելի իրավական տեղեկատվական համակարգի զարգացումը, ինչպես նաեւ օրենքների եւ իրավական հաստատությունների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը։
5. Ծրագիրը բաղկացած է 7 մասից, որոնք Կողմերի համաձայնությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել։ Դրանք են.
ա) դատական համակարգի ինստիտուցիոնալ հնարավորությունների ամրապնդում,
բ) դատարանների ենթակառուցվածքի վերականգնում՝ դատարանի մեկ օրինակելի շենքի կառուցում Գյումրիում եւ 6 դատարանների օրինակելի շենքերի վերակառուցում եւ վերանորոգում, ինչպես նաեւ դատարանների 13 ընտրված շենքերի վերանորոգում,
գ) դատավորների եւ դատարանների աշխատակազմերի վերապատրաստում,
դ) տեխնիկական աջակցություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը՝ սարքավորումների ձեռքբերում եւ անձնակազմի վերապատրաստում,
ե) իրավական տեղեկատվության արդյունավետ եւ մրցունակ տարածման համար ռազմավարության մշակում եւ դատարաններին իրավական տեղեկատվությամբ ապահովում,
զ) հասարակության իրազեկության եւ հանրության ուսուցման գործընթաց, որը ներառում է դատական համակարգի՝ հասարակության հետ կապերի ռազմավարության մշակում եւ Դատարանների նախագահների խորհրդի հասարակության հետ կապերի բաժնի ստեղծում, լրագրողների հատուկ մասնագիտական ուսուցման ապահովում, բնակչության շրջանում իրավական տեղեկատվության տարածում եւ օրենսդրության ու իրավական հաստատությունների մասին հանրության իրազեկվածության եւ դատարանների նկատմամբ վերաբերմունքի բացահայտմանն ուղղված հասարակական կարծիքի ուսումնասիրություն,
է) ծրագրի իրականացման գրասենյակին սարքավորումների, ուսուցման եւ վարչական օժանդակության տրամադրում եւ պահպանման ծախսերի ֆինանսավորում։
Ծրագրի ավարտի ակնկալվող ժամկետը 2004 թվականի հունիսի 30-ն է։
6. Համաձայնագրի առաջին հավելվածով նախատեսվում են վարկի տրամադրման համամասնություններն ըստ ապրանքների, աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների եւ ծրագրի իրականացման գրասենյակի պահպանման ծախսերի։ Համաձայնագրով նախատեսվել է ծրագրի նախապատրաստման կանխավճար՝ 470000 ԱՄՆ-ի դոլարի չափով, որից, համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 16.02.2001թ. տեղեկանքի՝ ծախսվել է 34737 ԱՄՆ-ի դոլար։
7. Քննության առարկա համաձայնագրի 4-րդ հավելվածում սահմանված՝ ծրագրի իրականացման պլանի առաջին կետի «դ» ենթակետի համաձայն փոխառուն պետք է ստեղծի ծրագրի կառավարման խորհուրդ, որը պատասխանատու կլինի ծրագրի համընդհանուր կառավարման համար, եւ որում ընդգրկված կլինեն արդարադատության նախարարության, Դատարանների նախագահների խորհրդի, դատաիրավական համակարգի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները, ծրագրի իրականացման գրասենյակի տնօրենը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 4-րդ կետին համապատասխան ստեղծվել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող եւ իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհուրդ եւ ՀՀ վարչապետի 2000 թվականի օգոստոսի 17-ի N 546 որոշմամբ հաստատվել են այդ խորհրդի կանոնադրությունը եւ անհատական կազմը։
Սակայն Ծրագրի կառավարման խորհրդի կազմավորման ակտում եւ կանոնադրության 27 հոդվածում կան թերություններ: Մասնավորապես, հետեւողականորեն հաշվի չի առնվել համաձայնագրի վերոհիշյալ կետի պահանջը:
8. Դատական համակարգի բարեփոխումներին աջակցություն նախատեսված է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված՝ կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության առաջին եւ երկրորդ վարկային համաձայնագրերով, ինչպես նաեւ TACIS-ի 1998 թվականի ֆինանսավորման հուշագրի AR9801 ծրագրով։ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի առաջին մասի հիման վրա ուսումնասիրելով նշված համաձայնագրերի գործադրման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը միաժամանակ պարզեց.
ա) TACIS-ի 1998-99 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի դատական համակարգի ամրապնդման ծրագրի համար հատկացվել է մեկ միլիոն եվրո դրամաշնորհ։ Ծրագրի գործընկերն էր ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը։ Ծրագրի շրջանակներում եղել է եվրոպական կապալառուի (CILC) երեք այցելություն։ Սակայն ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 20.02.2001թ. նամակից հետեւում է, որ ծրագրի անհաջող ընթացքի պատճառով Եվրամիության հանձնաժողովը որոշում է կայացրել դադարեցնել ծրագիրը,
բ) Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների զարգացման տեխնիկական օգնության առաջին վարկային ծրագրի շրջանակներում դատաիրավական բարեփոխումների բնագավառում իրականացված աշխատանքների համար հատկացվել է 124460 ԱՄՆ-ի դոլար, որից 50000 ԱՄՆ-ի դոլարը՝ դատաիրավական վերապատրաստման կենտրոնի ծրագրի մշակման համար, 50000 ԱՄՆ-ի դոլարը՝ դատական որոշումների հարկադիր կատարման ծառայության զարգացման ծրագրի մշակման համար (ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 20.02.2001թ. տեղեկանք),
գ) Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների զարգացման տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում դատական համակարգի համար հատկացվել է 208108 ԱՄՆ-ի դոլար, որից դատական համակարգին հատկացվել է ընդամենը 62020 ԱՄՆ-ի դոլար, իսկ 70 տոկոսը (145488 ԱՄՆ-ի դոլար) օգտագործվել կամ նախատեսվում է օգտագործել արդարադատության նախարարության եւ նրա կառուցվածքային ստորաբաժանումների համար սարքավորումների ձեռքբերման, աշխատակիցների ուսուցման եւ օրենսդրության կատարելագործման նպատակով։
Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ, վարկի գումարն ըստ ծրագրի բաղկացուցիչ մասերի հստակ բաշխված չլինելու պայմաններում, այդ միջոցների նպատակային ծախսման նկատմամբ անհրաժեշտ է առավել արդյունավետ վերահսկողություն։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2000 թվականի դեկտեմբերի 14-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի (Դատաիրավական բարեփոխումների ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը
վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
27 փետրվարի 2001 թվականի
ՍԴՈ -288