ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 16 մարտի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին 2000 թվականի հուլիսի 19-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրվել է 26. 02. 2001թ.)։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000թ. հուլիսի 19-ին՝ Մինսկում: Համաձայնագրի նպատակը Պայմանավորվող պետությունների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկման, հարկումից խուսափելու եւ հարկային խտրականության անթույլատրելիությունն է:

2. Համաձայնագրի դրույթները տարածվում են Պայմանավորվող պետությունների ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ: Համաձայնագիրը սահմանում է նաեւ, որ եկամտից եւ գույքից գանձվող հարկեր են համարվում ամբողջ եկամտի եւ գույքի, ինչպես նաեւ գույքի առանձին տարրերի առնչությամբ սահմանված բոլոր տեսակի հարկերը, ներառյալ գույքի օտարումից առաջացած եկամուտները, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարը եւ այլն:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
- չհարկել Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներ եւ Բելառուսի Հանրապետության ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական գործունեությունից Հայաստանի Հանրապետությունում ստացած շահույթը, եթե այն չի ստացվել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով,
-հարկել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Բելառուսի Հանրապետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները, բայց այդ ձեւով գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 10 %ը, եթե փաստացի սեփականատեր է հանդիսանում այն ընկերությունը, որը տիրապետում է շահաբաժիններ վճարող ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 30 %ը,
- հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող եւ Բելառուսի Հանրապետության ռեզիդենտին վճարված տոկոսները, բայց այդ ձեւով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 %ը, եթե վճարվող տոկոսների ստացումը կապված չէ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Հանրապետության ռեզիդենտի մշտական հաստատության հետ,
- հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող եւ Բելառուսի Հանրապետության ռեզիդենտին վճարված ռոյալթին, սակայն այդ ձեւով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 10 %ը, եթե վճարվող ռոյալթիի ստացումը կապված չէ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Հանրապետության ռեզիդենտի մշտական հաստատության հետ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին 2000 թվականի հուլիսի 19-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 մարտի 2001 թվականի
ՍԴՈ -292

print page Տպել էջը