ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 16 մարտի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին 1999 թվականի հուլիսի 14-ին Վարշավայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ.Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ.Խաչատրյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1999 թվականի հուլիսի 14-ին՝ Վարշավայում: Կոնվենցիայի նպատակն է Կողմերի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկման բացառումը, հարկումից խուսափելու կանխումը:
2. Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող
պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտներ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական
անձանց նկատմամբ:
Կոնվենցիայով սահմանվում են այն հարկատեսակները, որոնց վրա տարածվում է դրա գործողությունը,
ինչպես նաեւ հարկման ենթակա եկամուտները եւ կրկնակի հարկումը բացառելու մեթոդները:
Ըստ կոնվենցիայի Կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել ռեզիդենտ հանդիսացող
անձանց կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու համար:
Կողմերը պարտավորվում են նաեւ թույլ չտալ հարկային խտրականություն եւ աջակցել միմյանց
կոնվենցիայում ընդգրկվող հարկերի գանձման գործում:
Կոնվենցիայով նախատեսվում է նաեւ դրա մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող
վեճերի լուծման, տեղեկատվության փոխանակման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կարգը:
Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ
տարի հետո ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել կոնվենցիան՝ պահպանելով դրանով
նախատեսված արարողակարգը:
3. Սույն կոնվենցիան համահունչ
է մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների,
ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 8 եւ 9 հոդվածների դրույթներին:
Կոնվենցիան կոչված է նպաստելու Կողմերի միջեւ տնտեսական, գիտական, տեխնիկական եւ
մշակութային համագործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին 1999 թվականի հուլիսի 14-ին Վարշավայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 մարտի 2001 թվականի
ՍԴՈ -293