ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 16 մարտի 2001թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ.Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ.Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ.Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հոկտեմբերի 11ին՝ Բիշկեկում, որի նպատակը ԱՊՀ շրջանակներում 1992 թվականի մայիսի 15ին ստորագրված եւ 1992 թվականի հուլիսի 28ին վավերացված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4րդ հոդվածի դրույթների իրագործման արդյունավետ մեխանիզմ ստեղծելն ու համաձայնագրի Կողմերի տարածքում համատեղ հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու խնդիրների լուծումն է:
2. Համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան՝ արտաքին ռազմական ագրեսիայի համատեղ հետմղման, հակաահաբեկչական համատեղ գործողությունների կամ հրամանատարաշտաբային ու զորքերի զինավարժությունների անցկացման նպատակով Կողմերն իրենց խնդրանքով միմյանց տարածքներ իրենց զինվորական կազմավորումները կարող են ուղարկել միայն ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այդ կազմավորումների մուտք գործելու, խնդիրների, կազմի, թվաքանակի, նրանց տեղակայման վայրերի եւ ժամանման վերաբերյալ որոշումներն ընդունվում են Կողմերի պետությունների ղեկավարների՝ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների կողմից:
3. Համաձայնագրով Կողմերն ստանձնել
են հետեւյալ հիմնական պարտավորությունները.
միմյանց գրավոր ծանուցել տարանցիկ կամ դեպի նշանակված վայր երթեւեկող զինվորական
շարասյուների, օդանավերի, անձնակազմերով, տեխնիկայով, սպառազինությամբ եւ այլ նյութատեխնիկական
միջոցներով ավտոշարասյուների կողմից իրենց պետական սահմանի հատման տեղի, ժամանակի
ու կարգի մասին եւ անհրաժեշտ ու նպաստավոր պայմաններ ստեղծել դրանց անհատույց եւ
անարգել տեղաշարժման համար, ինչպես նաեւ այդ նպատակով անհատույց ապահովել ենթակառուցվածքների
օբյեկտների տեղաբաշխումն ու օգտագործումը,
ստանձնել զինվորական կազմավորումներին՝ պահանջվող հողային հատվածներով, շենքերով
(շինություններով) եւ ենթակառուցվածքների օբյեկտներով անհատույց ապահովելու միջոցառումների
կազմակերպման պատասխանատվությունը՝ ապահովելով համաձայնագրով առաջադրված խնդիրների
կատարման համար կոմունալկենցաղային անհրաժեշտ սպասարկումը եւ դրամահաշվարկային
ամբողջ ծավալով ծառայությունը,
անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զինվորական կազմավորումների կողմից համաձայնագրին
անհարիր ցանկացած գործողության կատարում թույլ չտալու համար,
հարկման չենթարկել զինվորական կազմավորման հրամանատարությանը մատուցած ծառայությունները,
ինչպես նաեւ այդ կազմավորումների կողմից տեղափոխվող սպառազինությունը, ռազմական
տեխնիկան եւ նյութատեխնիկական միջոցների ներմուծումն ու արտահանումը,
հրաժարվել ուղարկող Կողմին եւ զինվորական կազմավորման հրամանատարությանը որեւէ
պահանջ ներկայացնելուց, որն առնչվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հասցված
վնասի եւ իրենց քաղաքացիների մահվան, մարմնական վնասվածքների, աշխատունակության
կորստի հետ, ինչպես նաեւ իրենց անշարժ գույքին, բնական ռեսուրսներին, մշակութային
եւ պատմական արժեքներին հասցված վնասի հատուցմանը, եթե այդպիսի վնասը հասցվել է
արտաքին ռազմական ագրեսիայի հետմղման, իրեն տարածքում ահաբեկչական զինված կազմավորումների
ոչնչացման խնդիրների կատարման եւ սեփական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների
իրականացման ընթացքում,
ապահովել զինվորական կազմավորումների կազմի մեջ մտնող անձանց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական
եւ անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ
միջոցները՝ այդ անձանց, սպառազինության, ռազմական տեխնիկայի ու նյութատեխնիկական
միջոցների, փաստաթղթերի եւ զինվորական կազմավորումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվութ-յան
պաշտպանության ու անվտանգության ապահովման համար:
4. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով բխում են ՀՀ Սահմանադրության 1, 4 եւ 9 հոդվածների դրույթներից: Որպես ինքնիշխան եւ իրավական պետություն Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, մասնավորապես՝ ՄԱԿի շրջանակներում 1966թ. դեկտեմբերի 16-ին կնքված Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 4րդ հոդվածին, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված կոնվենցիայի 15-րդ հոդվածին համապատասխան, արտակարգ դրության պայմաններում իր տարածքում ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության ուժերի զինվորական կազմավորումների ժամանակավոր գտնվելու համար իրավական հիմք ստեղծելով, միաժամանակ ապահովում է այդպիսի պայմաններում կիրառվելիք միջոցների համատեղելիությունը միջազգային իրավունքի համաձայն ստանձնած իր մյուս, մասնավորապես, արտակարգ իրավիճակներում թույլատրելի շեղումներին վերաբերող պարտավորությունների հետ, հատկապես մարդու եւ քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման տեսանկյունից, որը համահունչ է նաեւ ՀՀ Սահմանադրության 43 եւ 45 հոդվածներում ամրագրված դրույթներին:
5. Համաձայնագրում նախատեսված
են դրույթներ զինվորական կազմավորումների անձնակազմի մեջ մտնող անձանց կարգավիճակի,
նրանց արտոնությունների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4 հոդվածում ամրագրված սկզբունքին համապատասխան
է լուծված զինվորական կազմավորումների անձնակազմի մեջ մտնող անձանց իրավունքների
եւ ազատությունների պաշտպանության խնդիրը: Այդ անձանց կողմից թույլ տրված հնարավոր
իրավախախտումների դեպքում պատասխանատվության, իրավական օգնության վերաբերյալ հարցերը,
ըստ համաձայնագրի, ենթակա են կարգավորման ԱՊՀ շրջանակներում 1993 թվականի հունվարի
22ի Քաղաքացիական, քրեական եւ ընտանեկան գործերով իրավական հարաբերությունների
եւ իրավական օգնության մասին կոնվենցիային համապատասխան:
Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ համաձայնագրի կատարման առնչությամբ
առաջացող հնարավոր վեճերի լուծման կարգի վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին 2000 թվականի հոկտեմբերի 11ին Բիշկեկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 մարտի 2001 թվականի
ՍԴՈ -294