ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԵԼՅԱԼ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 17 ապրիլի 2001թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ.Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրահամայնքի միջեւ փոխըմբռնման մասին 2000 թվականի հունիսի 22-ին Երեւանում եւ Բրյուսելում ստորագրված երկրորդ հավելյալ հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրվել է 20. 03. 2001 թ.)։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Երկրորդ հավելյալ հուշագիրն ստորագրվել է 2000 թվականի հունիսի 22-ին՝ Երեւանում եւ Բրյուսելում՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրահամայնքի միջեւ:

Հուշագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանը դրամաշնորհի տրամադրումն է, որով աջակցություն կցուցաբերվի իրականացվող բարեփոխումներին՝ կայուն վճարումների հաշվեկշիռն ապահովելու, պահուստներն ամրապնդելու եւ արտաքին պարտքի պարտավորությունների կարգավորումը դյուրացնելու համար:

Փոխըմբռնման մասին երկրորդ հավելյալ հուշագիրը Հայաստանի Հանրապետության եւ Եվրահամայնքի միջեւ 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շարունակությունն է, որով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի հերթական՝ չորրորդ մասնաբաժինը՝ մինչեւ 5, 5 մլն եվրո:

Հուշագրի առաջին հավելվածը վերաբերում է մոնիտորինգի համակարգին, իսկ երկրորդը՝ ֆինանսական դրույթներին, ընդ որում, երկու հավելվածներն էլ երկրորդ հավելյալ հուշագրի անբաժանելի մասն են:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը դրամաշնորհի հատկացման համար կառուցվածքային բարեփոխումների ընթացքը կգնահատվի, մասնավորապես, հաշվի առնելով.

- ակցիզային հարկի մասին նոր օրենքի ընդունումը, աշխատավարձերի, թոշակների առկա պարտքերի մարումը,

- ներդրումների համար կազմակերպական աշխատանքների բարելավումը եւ բյուրոկրատական քաշքշուկների հաղթահարումը,

- պետական ծառայության մասին օրենքի ընդունումը, կոռուպցիայի դեմ պայքարը,

- էներգետիկայի եւ ֆինանսների ոլորտներում (այդ թվում՝ բանկային) բարեփոխումների ընթացքը,

- սեփականաշնորհման ոլորտում նախատեսված ծրագրերի իրականացումը,

- հողի սեփականության իրավունքի օրենսդրական կարգավորման հարցերը եւ այլն:

3. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է տրամադրել բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Եվրահամայնքին՝ դրամաշնորհի օգտագործման հետ կապված ստուգումներ ու աուդիտ անցկացնելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Եվրահամայնքի միջեւ փոխըմբռնման մասին 2000 թվականի հունիսի 22-ին Երեւանում եւ Բրյուսելում ստորագրված երկրորդ հավելյալ հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17 ապրիլի 2001 թվականի
ՍԴՈ - 296

print page Տպել էջը