ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂՂՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՎ) ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏՈՒՄ ԱՄՐԱՐԳՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 15 մայիսի 2001թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ.Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Կ. Գալուստյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Էներգետիկ խարտիայի պայմանագրի առեւտրի հետ կապված դրույթների վերաբերյալ ուղղումներին առնչվող որոշման մեջ (կից հավելվածներով) եւ եզրափակիչ ակտում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ.Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ.Գալուստյանի բացատրությունը, հետազոտելով եզրափակիչ ակտը, էներգետիկ խարտիայի կոնֆերանսի որոշումը, կից հավելվածները եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Էներգետիկ խարտիայի պայմանագրի առեւտրի հետ կապված դրույթների վերաբերյալ ուղղումներին առնչվող որոշումը՝ կից հավելվածներով, եւ եզրափակիչ ակտն ստորագրվել են Բրյուսելում՝ 1998 թվականի ապրիլի 23-24-ին, որոնց նպատակն է Էներգետիկ խարտիայի պայմանագրի առեւտրի հետ կապված դրույթներում ուղղումներ կատարելու միջոցով Սակագների եւ առեւտրի վերաբերյալ գլխավոր համաձայնագրին (ԱՏՏ) առնչվող մի շարք դրույթներ փոխարինել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դրույթներով՝ այդ կազմակերպության կողմից մշակված պայմաններին համապատասխան՝ ստեղծելով իրավական բարենպաստ ռեժիմ էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, այդ նպատակով նյութերի, սարքավորումների միջպետական առեւտուրը զարգացնելու համար:
2. Ուղղումներով փոփոխվում եւ լրացվում է Էներգետիկ խարտիայի պայմանագրի 29 հոդվածի, ներածության, մի շարք հոդվածների, հավելվածների բովանդակությունը:
3. Էներգետիկ խարտիայի պայմանագրի
առեւտրի հետ կապված դրույթների վերոհիշյալ ուղղումներով Կողմերն ստանձնում են հետեւյալ
հիմնական պարտավորությունները.
ապահովել մտքի սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ ելնելով
միջազգային ամենաբարձր չափանիշներից,
Էներգետիկ խարտիայի պայմանագրի ուղղումների գործադրման պահից Էներգետիկ խարտիայի
քարտուղարություն ներկայացնել էներգետիկային առնչվող սարքավորումների ներմուծման
կամ արտահանման վերաբերյալ բոլոր մաքսատուրքերի եւ մյուս գանձումների՝ այդ պահին
գործող մակարդակի վերաբերյալ ցանկ, ինչպես նաեւ ծանուցել Էներգետիկ խարտիայի քարտուղարությանն
այդպիսի մաքսատուրքերի կամ այլ կարգի գանձումների վերաբերյալ ցանկացած փոփոխության
մասին,
էներգետիկային առնչվող սարքավորումների ներմուծման կամ արտահանման պահին կամ դրանց
արտահանման հետ կապված ձգտել չբարձրացնել եւ ոչ մի մաքսատուրք կամ այլ կարգի գանձում՝
Էներգետիկ խարտիայի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ որոշ դեպքերում՝
պահպանել դրանց չափը ամենացածր մակարդակում,
հարկման հարցերում չփոխել էներգետիկ սարքավորումների, հումքի արժեքի որոշման մեթոդը,
տարադրամի կուրսը որոշել պայմանագրի դրույթներին համապատասխան:
4. Ուղղումներով նախատեսված են նաեւ էներգետիկ հումքերի եւ սարքավորումների առեւտրի հետ կապված մաքսատուրքերի եւ այլ գանձումների մակարդակի բարձրացման առանձին դեպքեր:
5. Էներգետիկ խարտիայի պայմանագրի առեւտրի հետ կապված ուղղումներով ընդլայնվում են այդ ոլորտում միջպետական համագործակցության առարկայական խնդիրները նաեւ առեւտրական վեճերի լուծման առնչությամբ, նախատեսվում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման համաձայնագրի դրույթների եւ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների նկատմամբ Էներգետիկ խարտիայի պայմանագրի պայմանների, ինչպես նաեւ վերոհիշյալ ուղղումների ժամանակավոր կիրառման հետ կապված հարցերի լուծման ընթացակարգ:
6. Էներգետիկ խարտիայի պայմանագրի առեւտրի հետ կապված դրույթների ուղղումներին առնչվող որոշման մեջ (կից հավելվածներով) եւ եզրափակիչ ակտում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներից, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ պետությունների հետ ապահովում են բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն:
7. Ղեկավարվելով «Սահմանադրական
դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով
Էներգետիկ խարտիայի պայմանագրի իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը
նաեւ պարզեց.
Էներգետիկ խարտիայի պայմանագիրը՝
կից արձանագրությամբ, ուժի մեջ է մտել 1998 թվականի ապրիլի 18ին: Պայմանագրի կիրառմամբ
Հայաստանի Հանրապետությունում հնարավորություններ են ստեղծվել էներգետիկ քաղաքականության
ձեւավորման եւ իրականացման համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1998 թվականի ապրիլի 23-24-ին Բրյուսելում ստորագրված Էներգետիկ խարտիայի պայմանագրի առեւտրի հետ կապված դրույթների վերաբերյալ ուղղումներին առնչվող որոշման մեջ (կից հավելվածներով) եւ եզրափակիչ ակտում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
15 մայիսի 2001 թվականի
ՍԴՈ - 298