ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ Ի ՇԱՀ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 27 նոյեմբերի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ ի շահ ռուսաստանյան ռազմակայանի միջպետական ռազմական փոխադրումների մասին 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ ի շահ ռուսաստանյան ռազմակայանի միջպետական ռազմական փոխադրումների մասին 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ ի շահ ռուսաստանյան ռազմակայանի միջպետական ռազմական փոխադրումների մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում։ Այն կնքվել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ 1992 թվականի օգոստոսի 21-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին եւ 1995 թվականի մարտի 16-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրերի հիման վրա եւ վավերացվելու դեպքում ուժի մեջ է մտնելու վերջինիս գործողության ժամկետի ընթացքում։

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնում պաշտպանության նախարարության միջոցների հաշվին ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով մարտական ու հատուկ տեխնիկայի, սպառազինությունների, զինամթերքի եւ ռազմատեխնիկական ունեցվածքի անարգել ու անվտանգ փոխադրումը։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ աջակցել ռուսաստանյան ռազմական բեռների պահակազորերին, բեռների բացթողումն իրականացնել առանց մաքսավճարների գանձման, ներմուծման եւ արտահանման սահմանափակումների կիրառման։ Ռազմական բեռների զննում կարող է կատարվել միայն համաձայնագրի 10 հոդվածով սահմանված կարգով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ ի շահ ռուսաստանյան ռազմակայանի միջպետական ռազմական փոխադրումների մասին 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 նոյեմբերի 1996 թվականի
ՍԴՈ-30

print page Տպել էջը