ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 22 մայիսի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ.Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի, 21(1), 25-րդ հոդվածի 1-ին կետի եւ 56-րդ հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2000 թվականի հոկտեմբերի 25-ին Ստոկհոլմում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագրի մասնակիցները, հանդիսանալով 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի եւ «Տարանցիկ միջազգային օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կողմեր, կնքվող համաձայնագրի օգնությամբ նպատակ ունեն կանոնավոր օդային հաղորդակցություններ հաստատել իրենց երկրների համապատասխան տարածքների միջեւ:

Համաձայնագիրը Կողմերին օժտում է այնպիսի իրավունքներով, ինչպիսիք են՝ մյուս Կողմի տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչք կատարելը. մյուս Կողմի տարածքում ոչ առեւտրային նպատակներով կանգառելը. ինչպես նաեւ մյուս Կողմի տարածքում կանգառելը՝ համաձայնագրին կից հավելվածում նշված կետերում:

Միաժամանակ, ըստ համաձայնագրի, Կողմի նշանակված ավիաընկերությունն իրավունք չունի մյուս Կողմի տարածքի մի կետից մյուսը ուղեւորներ, բեռներ եւ փոստ տեղափոխել, անկախ նրանից՝ դա կատարվում է վճարով կամ վարձակալմամբ:

Համաձայնագրով կարգավորվում են նաեւ երկու երկրների օդային հաղորդակցության իրավական կարգավորմանն առնչվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ պետությունների կողմից անմիջապես օդային հաղորդակցությունն իրականացնող ավիաընկերության նշանակման եւ դրա լիազորությունը չեղյալ հայտարարելու կարգը. միմյանց օդանավակայանների եւ սարքավորումների օգտագործման կանոնները. օդային հաղորդակցությանն առնչվող գործողությունների եւ ծառայությունների համար նախատեսվող մաքսատուրքերի գանձման պայմանները եւ այլ հարցեր:

Համաձայնագրի մասնակիցները պարտավորվել են իրենց կողմից նշանակված ավիաընկերություններին տրամադրել արդարացի եւ հավասար հնարավորություններ՝ համաձայնագրով նախատեսված միջազգային օդային փոխադրումների բնագավառում մրցակցելու համար:

Միաժամանակ, համաձայնագիրը նախատեսում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը, եթե համոզված լինի, որ Պայմանավորվող մյուս կողմը խախտում է իր ստանձնած պարտավորությունները, եւ եթե առկա լինեն համաձայնագրի 4-րդ հոդվածում ամրագրված հիմքերը, իրավունք ունի չեղյալ համարել նրա նշանակած ավիաընկերությանը տրված շահագործման լիազորությունը կամ դադարեցնել այդ ավիաընկերության իրավունքների իրականացումը:

Համաձայնագրում կանոնակարգվում են նաեւ Կողմերի նշանակած ավիաընկերությունների փոխադրումների համար սակագների ներկայացման եւ հաստատման, եկամուտների փոխանցման, ավիաընկերությունների ներկայացուցչության, թռիչքների ժամանակացույցի հաստատման, ավիացիոն ապահովության, ավիացիոն անվտանգության, տարաձայնությունների կարգավորման կարգը եւ բազմաթիվ այլ հարցեր:

Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները եւ այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները՝ միջանկյալ եւ միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:

Համաձայնագիրն անժամկետ է, սակայն Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի Պայմանավորվող մյուս կողմին ծանուցել համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին: Այդ դեպքում համաձայնագրի գործողությունը կդադարի մյուս Կողմից ծանուցումն ստանալու օրվանից 12 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագրով ստանձնված պարտավորությունները համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ միջազգային տարբեր պայմանագրերով հանրապետության ստանձնած միջպետական համագործակցության վերաբերյալ ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր սկզբունքին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով, 67-րդ եւ 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2000 թվականի հոկտեմբերի 25-ին Ստոկհոլմում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 մայիսի 2001 թվականի
ՍԴՈ - 300

print page Տպել էջը