ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 22 մայիսի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի.

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Նորվեգիայի Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ.Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Ստոկհոլմում՝ Կողմերի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման եւ իրականացման նպատակով:

Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում՝ կապված ավիաընկերությունների նշանակման եւ լիազորման, ավիացիոն անվտանգության ապահովման, մաքսային տուրքերից եւ այլ գանձումներից ազատման, եկամուտների փոխանցման հետ։

Համաձայնագրում նշվում են փոխադարձ իրավունքների շրջանակները՝ Կողմերի տարածքով առանց վայրէջքի թռիչքներ իրականացնելու, ինչպես նաեւ կանգառելու իրավունք տվող պայմաններն ու նպատակները։

Համաձայնագրով նախատեսվում է նաեւ տարաձայնությունների կարգավորման, համաձայնագրում փոփոխությունների կատարման եւ դրա գործողության դադարեցման կարգը:

Համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են մուտքի պարզեցված կանոններին, գանձվող սակագներին, Կողմերի տարածքներում ավիաընկերությունների ներկայացուցչություններին եւ դրանց առեւտրային գործունեության կարգավորմանը:

Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի միջեւ խորհրդակցությունների անցկացում եւ վեճերի կարգավորում՝ հաշտարար դատարան դիմելու միջոցով:

2. Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները եւ այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները՝ միջանկյալ եւ միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:

Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն, նորվեգերեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանության ընթացքում տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

3. Համաձայնագրի դրույթները համահունչ են օդային հաղորդակցության ոլորտին առնչվող մի շարք բազմակողմ միջազգային կոնվենցիաներին, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994-1996թթ. ընթացքում։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Նորվեգիայի Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին 2000 թվականի հոկտեմբերի 25-ին Ստոկհոլմում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 մայիսի 2001 թվականի
ՍԴՈ - 301

print page Տպել էջը