ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 5 հունիսի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռ. Շառոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին 1985 թվականի օգոստոսի 19-ին Ստրասբուրգում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրվել է 18. 05. 2001 թ.)։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան ստորագրվել է 1985թ. օգոստոսի 19-ին՝ Ստրասբուրգում: Կոնվենցիայի նպատակը մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ընթացքում հանդիսատեսի կողմից հակաօրինական գործողությունների եւ բռնությունների կանխումն է:

2. Հայաստանի Հանրապետությունը, սահմանադրական իրավունքների շրջանակներում, պարտավորվում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կոնվենցիայի դրույթները կատարելու համար, մասնավորապես.

- մշակել եւ իրականացնել բռնությունները, օրինազանցությունները կանխելու միջոցառումներ,

- համակարգել երկրպագուների ակումբների եւ ճանապարհորդական գործակալությունների հետ մեկտեղ երկրպագուների տեղափոխման միջոցառումները,

- անհրաժեշտության դեպքում ընդունել օրենք, որում սահմանված կլինեն մարզական հանդիպումների ժամանակ օրինազանցին համապատասխան պատժամիջոցի ենթարկելու դրույթներ,

- կիրառել պատժամիջոցներ եւ այլ միջոցներ, որպեսզի մարզական կազմակերպիչները, մարզադաշտի տնօրինությունը, տեղական իշխանություններն անհրաժեշտության դեպքում կանխեն եւ զսպեն անկարգությունները, մասնավորապես իրականացնեն այնպիսի միջոցառումներ, որոնք կերաշխավորեն հանդիսատեսի անվտանգությունը,

- հետեւել, որպեսզի օրինախախտ երկրպագուները բացահայտվեն եւ պատժվեն, օրենքով սահմանված կարգով, իսկ ձերբակալված անձանց դեմ հարուցված գործերը փոխանցվեն այդ անձի քաղաքացիության երկրի իրավասու մարմիններին,

- ձեռնարկել սոցիալական եւ դաստիարակչական բնույթի միջոցներ՝ մարզական իդեալը կրթական եւ այլ միջոցներով զարգացնելու համար:

3. Կոնվենցիայի նորմերը համահունչ են քաղաքացիների առողջության պահպանման, սպորտի զարգացման, այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին (հոդվածներ 4, 6, 9, 34 եւ այլն):

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին 1985 թվականի օգոստոսի 19-ին Ստրասբուրգում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

5 հունիսի 2001 թվականի
ՍԴՈ -302

print page Տպել էջը