ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 5 հունիսի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ե. Զախարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային համակցված փոխադրումների մասին 2000 թվականի փետրվարի 15-ին Բեյրութում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 25.05.2001թ.):
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ.Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի փետրվարի 15-ին Բեյրութում՝ երկու երկրների միջեւ առեւտրի զարգացման համար բեռների միջազգային փոխադրումներ կազմակերպելու, առաքման ժամանակակից համակարգ հիմնելու, ավտոճանապարհային տրանսպորտի՝ տնտեսական եւ բնապահպանական տեսակետից առավել ընդունելի այլընտրանք ստեղծելու նպատակով:
2. Համաձայնագրով կարգավորվում
են երկու Կողմերի միջեւ կամ նրանց տարածքներում տարանցիկ ավտոմոբիլային, երկաթուղային,
ներքին ջրային եւ ծովային երթուղիներով իրականացվող համակցված փոխադրումները, սահմանվում
են դրանց իրականացման պայմանները, տեսակները, ճանապարհային գանձումներ կատարելու
դեպքերը եւ այլն:
Կողմերը պարտավորվում են աջակցել համակցված փոխադրումների զարգացմանը, ձեռնարկել
անհրաժեշտ միջոցներ՝ համակցված փոխադրումներ կատարող ընկերությունների միջեւ համաձայնության
հասնելու եւ փոխադրումների անընդհատությունն ու հոսքի անխափանությունն ապահովելու
համար:
Պետական սահմանն անցնելու կարգն ու պայմանները համաձայնեցված են գործող միջազգային
կանոնադրության համապատասխան դրույթների հետ, ինչպես նաեւ նշված է, որ Կողմերից
մեկի տարածք մտնելը կատարվում է մուտքի պետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագրով սահմանվում
են նաեւ համակցված փոխադրումների իրականացման մաքսային եւ հարկային պայմանները:
3. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն, արաբերեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Համաձայնագրի մեկնաբանությունների հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային համակցված փոխադրումների մասին 2000 թվականի փետրվարի 15-ին Բեյրութում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
5 հունիսի 2001 թվականի
ՍԴՈ - 303