ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 8 հունիսի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2001 թվականի մայիսի 31-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 31-ին Վաշինգտոնում՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքային բարեփոխումների Ծրագիրն իրականացնելու համար: Ծրագիրը ներառում է Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքային բարեփոխումների նպատակները եւ քաղաքականությունը:
Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում Ընկերակցության 1985 թ. հունվարի 1-ին ընդունված եւ 1999 թ. հոկտեմբերի 6-ին փոփոխված՝ «Զարգացման վարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները», որոնց մի մասը սույն համաձայնագրի նկատմամբ կիրառվում է որոշակի փոփոխություններով:
Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը վարկավորել տարբեր արժույթներով գումարով, որը համարժեք է երեսունութ միլիոն չորս հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքի (38,400,000 SDR):
Վարկի տրամադրման դեպքում Փոխառուն վարկի մայր գումարը պետք է մարի կիսամյակային մասնաբաժիններով, որոնք պետք է վճարվեն յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին՝ սկսած 2011 թ. հունիսի 15-ից մինչեւ 2040թ. դեկտեմբերի 15-ը: Յուրաքանչյուր մասնաբաժին, ներառյալ 2020թ. դեկտեմբերի 15-ին վճարման ենթակա մասնաբաժինը, պետք է կազմի մայր գումարի մեկ տոկոսը, իսկ դրանից հետո կատարված յուրաքանչյուր վճարումը՝ մայր գումարի երկու տոկոսը:
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վարկի մայր գումարից օգտագործված գումարի եւ մնացորդային գումարների դիմաց ժամանակ առ ժամանակ Ընկերակցությանը վճարել սպասարկման վարձ՝ տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի չափով (1 %-ի 3/4):
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վարկի գումարները չօգտագործել այնպիսի ծախսերի ֆինանսավորման համար, որոնք արգելված են համաձայնագրի 1-ին ժամանակացույցի դրույթներով:
Համաձայնագիրը նախատեսում է, որ Ծրագրի կատարման համար տրամադրվող վարկերի ծախսման արդյունավետության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Փոխառուն Ընկերակցությանը պետք է ներկայացնի հաշվետվություն: Միաժամանակ, Ընկերակցության խնդրանքով Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է աուդիտի ենթարկել Ավանդային հաշիվը՝ առաջինի կողմից նախատեսված կարգով եւ սկզբունքներով:
Նկատի ունենալով, որ վարկի տրամադրման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքային բարեփոխումների իրականացումն է, համաձայնագրի Ժամանակացույց 2-ում նշված են մի շարք միջոցառումներ, որոնց կատարումը հանդիսանում է վարկեր տրամադրելու պայմաններից մեկը:
Համաձայնագիրը Կողմերի համար նախատեսում է նաեւ մի շարք այլ իրավունքներ եւ պարտականություններ, որոնք պետք է նպաստեն այդ փաստաթղթի վերջնական նպատակի բարեխիղճ կատարմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2001 թվականի մայիսի 31-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
8 հունիսի 2001 թվականի
ՍԴՈ - 304