ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 15 հունիսի 2001թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ռուսաստանի Դաշնության զինվորական կազմավորումների Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ամենօրյա գործունեության եւ կայազորային ծառայության կազմակերպման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին Մոսկվայում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ռուսաստանյան զինվորական կազմավորումների ամենօրյա գործունեության եւ կայազորային ծառայության կազմակերպման կարգը եւ պայմանները սահմանելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված պայմանագրի սկզբունքներին համապատասխան: Ռուսաստանյան ռազմակայանի կայազորային եւ պահակային ծառայություններն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը եւ սույն համաձայնագրին համապատասխան:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- ռուսաստանյան ռազմակայանի կայազորների պետերը կայազորային եւ պահակային ծառայությունների կազմակերպման, ռազմակայանի տարածքից դուրս կայազորային միջոցառումների անցկացման դեպքերում իրենց գործողությունները պետք է համաձայնեցնեն Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների հետ,

- ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման կետերի սահմաններից դուրս իրականացվող պարեկության սխեման եւ երթուղիները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի տարածքային մարմինների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան կայազորի պետի հետ,

- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կամ քաղաքացիական անձանց կողմից թույլ տրված օրինախախտումների դեպքերի վերաբերյալ ռուսաստանյան ռազմակայանի կայազորային պարեկի պետը պետք է հաղորդի Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններին,

- Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների համապատասխան պաշտոնատար անձինք ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս գտնվող առանց անձը հաստատող փաստաթղթերի զինծառայողների՝ մինչեւ նրանց անձը պարզելը, ձերբակալման կամ օրինախախտման փաստով ձերբակալման դեպքերում, կամ ռուսաստանյան ռազմակայանի տրանսպորտային միջոցի վարորդի (մեխանիկ-վարորդի) մասնակցությամբ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման կամ այլ օրինախախտման դեպքում տրանսպորտային միջոցների կարճաժամկետ կալանման վերաբերյալ անհապաղ պետք է տեղեկացնեն ռուսաստանյան ռազմակայանի հրամանատարությանը կամ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին:

3. Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ՝ ռուսաստանյան ռազմակայանի կայազորների սահմանների, պարեկային ծառայության իրականացման կարգի ու պայմանների, Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս գտնվող զինծառայողների առնչությամբ ունեցած առանձին իրավունքների, ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավտոմոբիլային տեսչության գործունեության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ավտոմոբիլային տեսչության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության ռազմական ավտոմոբիլային տեսչության՝ համաձայնագրի շրջանակներում ունեցած առանձին իրավունքների, ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների եւ վերջիններիս ընտանիքների անդամների իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ համաձայնագրի կատարումն ապահովող այլ պայմանների վերաբերյալ:

4. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների հետ ապահովում են բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն:

Այդ պարտավորություններն իրենց բնույթով չեն հակասում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորությունների:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2000 թվականի դեկտեմբերի 21-ին Մոսկվայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ռուսաստանի Դաշնության զինվորական կազմավորումների Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ամենօրյա գործունեության եւ կայազորային ծառայության կազմակերպման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

15 հունիսի 2001 թվականի
ՍԴՈ - 305

print page Տպել էջը