ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱՐՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 19 հունիսի 2001 թվականի
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զ. Գեւորգյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2001 թվականի ապրիլի 30-ին Երեւանում ստորագրված փոխառության ծրագրի (Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա.Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Զ. Գեւորգյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը եւ ուսումնասիրելով գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանն ուղղված վարկային համաձայնագրերի իրավակիրառական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի ապրիլի 30-ին՝ Երեւանում։ Ըստ համաձայնագրի՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի իրականացման համար փոխառության կարգով Հայաստանի Հանրապետությանը տարբեր տարադրամներով տրամադրելու է տասներկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (SDR 12350000) գումար:
2. Հայաստանի Հանրապետությունը
պարտավորվում է փոխառության գումարներն օգտագործել միայն ընդունելի ծախսերի ֆինանսավորման
համար, դրանք չօգտագործել հարկեր վճարելու համար։ Անհրաժեշտության դեպքում, ի լրումն
փոխառության գումարների, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ծրագրի իրականացման
համար տրամադրել լրացուցիչ ֆոնդեր, ծառայություններ եւ այլ միջոցներ, ինչպես նաեւ
ծրագրի հաշվին փոխանցել իր մասնաբաժինը կազմող կանխիկ գումարը։
Փոխառության գումարը պետք է վերադարձնել արտարժույթով, կիսամյակային մասնաբաժիններով՝
2011 թվականի հոկտեմբերի 15-ից մինչեւ 2041 թվականի ապրիլի 15-ը, ինչպես նաեւ պարբերաբար
Հիմնադրամին պետք է վճարել ծառայավճար՝ տարեկան փոխառության օգտագործված գումարի
0,75 տոկոսի չափով։
3. Փոխառությամբ ֆինանսավորվող
ծրագրի նպատակն է՝ բարելավել գյուղացիական բնակչության կենսամակարդակը: Նախատեսվում
է աջակցել ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին եւ դրանց ֆեդերացիաներին՝
ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման եւ կառուցման, շահագործման ու պահպանման
խնդիրներում: Ծրագրի բաղադրիչ մասն են կազմում ֆինանսական ծառայությունները, այդ
թվում՝ վարկերի մատուցումը գյուղացիական միությունների անդամներին, միկրոֆինանսական
աջակցությունը գյուղերում բնակվող կանանց, օժանդակությունը Հայաստանի գյուղացիական
փոխօգնության բանկին՝ ընդլայնելու իր ծառայությունների շրջանակը:
Ծրագրով նախատեսվում է նաեւ աջակցել նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ առավել աղքատ գյուղերում
ֆինանսապես կայուն ձեռնարկություններին օժանդակելու միջոցով, ընդառաջել գյուղական
համայնքների հիմնական պահանջներին՝ բարելավված տեղական ենթակառույցների ու ծառայությունների
միջոցով, աջակցել բարելավված սերմնարտադրությանը եւ բաշխմանը։
Ծրագիրը նախատեսվում է ավարտել չորս տարվա ընթացքում։
4. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է, որ ծրագրի կողմերը ծրագիրն արդյունավետությամբ կիրականացնեն՝ կառավարման, ֆինանսական, տնտեսական, բնապահպանական, գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտ փորձառությամբ եւ պատշաճ ղեկավարմամբ, տարեկան աշխատանքային պլաններին եւ վարկավորման կանոնակարգերին համապատասխան։ Ծրագրի կողմեր են համարվում ծրագրի գլխավոր գործակալությունը, Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, "Արեգակ" հիմնադրամը, ծրագրի համակարգման գրասենյակը, ջրի կառավարման պետական գործակալությունը, փոխառուի եւ Հիմնադրամի կողմից ընտրված եւ հաստատված՝ շինարարական աշխատանքների իրականացման գործակալությունը, որն իրականացնելու է ըստ ծրագրի ոռոգման զարգացման բաղադրիչի շինարարական աշխատանքները: Նախատեսված է նաեւ որակավորված կազմակերպություն, որը կիրականացնի ծրագրի գյուղատնտեսական զարգացման բաղադրիչը, ինչպես նաեւ Հիմնադրամի համար ընդունելի հասարակական կազմակերպություն, որը կիրականացնի ծրագրի գյուղացիական ֆինանսավորման բաղադրիչի փոքր ձեռնարկատիրության զարգացման ենթաբաղադրիչը։
5. Համաձայնագրով նախատեսված են
փոխառության գումարների բաշխման համամասնությունները՝ ըստ ծրագրի բաղկացուցիչ մասերի,
եւ գումարները դուրս գրելու նախապայմանները։
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվելիք ծրագրի համակարգման գրասենյակը պետք է նախապատրաստի
նախնական տարեկան աշխատանքային պլան եւ բյուջե՝ ծրագրի յուրաքանչյուր տարվա համար։
Հայաստանի Հանրապետությունը, որպես փոխառու, պարտավորվում է ծրագրի համակարգման
գրասենյակին փոխառության գումարները տրամադրել Հիմնադրամի եւ փոխառությունը կառավարելու
եւ ծրագիրը վերահսկելու համար՝ վերջինիս նշանակած համագործակցող հաստատության կողմից
ընդունված այդ պլանին եւ բյուջեին համապատասխան։
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում ծրագրի
համակարգման գրասենյակը պետք է հիմնի տեղեկատվական կառավարման համապատասխան համակարգ,
որը համաձայնագրի կողմերին հնարավորություն կտա անցկացնել ծրագրի շարունակական
մոնիտորինգ։ Համաձայնագրով նախատեսված են նաեւ փոխառության միջոցների օգտագործման
նկատմամբ վերահսկողության այլ մեխանիզմներ՝ առաջընթացի հաշվետվություն, միջանկյալ
ուսումնասիրություն, ֆինանսական հայտարարագրեր, պարտադիր հաշվեքննություն։
6. Սահմանադրական դատարանը միաժամանակ
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի հիման վրա գնահատելով սույն
ոլորտում միջազգային պայմանագրերի կատարման իրավակիրառական պրակտիկան, արձանագրում
է, որ քննության առնելով «Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման
միջազգային հիմնադրամի միջեւ փոխառության (հյուսիս-արեւմտյան գյուղատնտեսական ծառայությունների
ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը եւ այդ գործով
նույնպես գնահատելով գյուղատնտեսության ոլորտում նմանատիպ համաձայնագրերի իրականացման
իրավակիրառական պրակտիկան, իր 03.03.1998թ. ՍԴՈ-93 որոշմամբ արձանագրել է, որ Հանրապետության
իրավասու պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների ոչ լիարժեք իրականացման
հետեւանքով ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի կատարմանն ուղղված վարկային միջոցների
նպատակային ու արդյունավետ ծախսման բնագավառում տեղ են գտել մի շարք թերություններ
ու բացթողումներ, որոնք վտանգում են ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունների
պատշաճ կատարումը: Միաժամանակ, դատարանի հիշյալ որոշմամբ ամրագրվել է. «... սահմանադրական
դատարանը գտնում է՝ վարկային համաձայնագրերում պարունակվող դրույթները կարող են
սահմանադրական լինել ոչ միայն այն առումով, որ, պետական իշխանության մարմինների
իրավասության շրջանակներում գործադրվելով, նախադրյալներ են ստեղծում սահմանադրական
հիմնական սկզբունքների ու նպատակների իրագործման համար, այլեւ բխում են մարդու եւ
քաղաքացու հիմնական իրավունքներից ու ազատություններից: Փոշիացնելով եւ անարդյունավետ
օգտագործելով վարկային միջոցները, ոչ միայն դրանց փոխհատուցման հնարավորություններ
չեն ստեղծվում, այլեւ սերունդների համար չհիմնավորված պարտքեր են կուտակվում՝ ոտնահարելով
նրանց իրավունքները»: Այնուհետեւ որոշման մեջ նշվում է. «Ուստի, նկատի ունենալով,
որ քննության առարկա համաձայնագրով իրականացվելիք ծրագիրը միջոցների փոշիացման
եւ ոչ նպատակային օգտագործման ավելի մեծ ռիսկ է պարունակում, ինչպես նաեւ, հաշվի
առնելով գյուղատնտեսության ոլորտում նախորդ վարկային ծրագրերի իրականացման իրավակիրառական
պրակտիկայում տեղ գտած թերությունները, սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն
համաձայնագրի իրականացման արդյունքում հակասահմանադրական իրավիճակ չառաջանալու
նպատակով ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ կառավարությունն իրենց սահմանադրական իրավասությունների
շրջանակներում հատուկ վերահսկողություն պետք է իրականացնեն Հյուսիս-արեւմտյան գյուղատնտեսական
ծառայությունների ծրագրի կատարման նպատակով փոխառնված միջոցների օգտագործման նկատմամբ»:
Մասնավորապես գործադիր իշխանության կողմից նշված վերահսկողությունն արդյունավետ
չի իրականացվել եւ, ինչպես վկայում են ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի՝ գործում
առկա ուսումնասիրությունների ու սահմանադրական դատարանում գործի քննության արդյունքները,
վարկային հիշյալ ծրագրի իրականացման հարցում նույնպես առկա են էական թերացումներ
ու բացթողումներ:
Ավելին, բավարար ուշադրություն չդարձնելով նախորդ համաձայնագրի վերաբերյալ ՀՀ սահմանադրական
դատարանի որոշման պատշաճ կատարմանը, ներկա համաձայնագրի արդեն իսկ կնքման փուլում
թույլ է տրվել ՀՀ օրենսդրության պահանջների անտեսում, որը կարող է համաձայնագրի
կատարման փուլում լուրջ խնդիրներ առաջացնել: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության
միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան սույն համաձայնագիրն
ունի միջպետական պայմանագրի բնույթ: Նույն օրենքի հոդված 12-ը նախատեսում է, որ
միջպետական կամ միջկառավարական պայմանագրի կնքման առաջարկությանը պետք է համապատասխան
որոշմամբ համաձայնություն տան Հանրապետության Նախագահը կամ կառավարությունը: Նման
որոշման առկայությունը, բնականաբար, ենթադրում է առաջարկի հիմնավորում, սահմանված
կարգով քննարկում եւ հետագա վերահսկողության իրականացում: Քննության առարկա համաձայնագիրը
նախապատրաստելիս օրենքի հիշյալ պահանջն անտեսվել է, որը լրջորեն թուլացնում է պարտավորությունների
պատշաճ կատարման հետագա վերահսկողությունը: Բացի դրանից, ՀՀ կառավարությունը պարտավոր
էր նախապես քննարկել տվյալ վարկային ծրագիրը եւ վերջինիս վերաբերյալ արտահայտել
իր հստակ դիրքորոշումը, քանի որ վարկային համաձայնագիրը ենթադրում է ոչ միայն կառավարության
ֆինանսական ու կազմակերպական մասնակցություն այդ ծրագրին, այլ նաեւ շոշափում է միջգերատեսչական
խնդիրներ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի
Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2001
թվականի ապրիլի 30-ին Երեւանում ստորագրված փոխառության ծրագրի (Գյուղատնտեսական
ծառայությունների ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում
են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Միաժամանակ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5, 6, 89
հոդվածների, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64 եւ 70 հոդվածների, ինչպես
նաեւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներով,
ՀՀ կառավարությունը պարտավոր է մինչեւ սույն վարկային համաձայնագրի իրականացումը
քննության առնել գյուղատնտեսության ոլորտում միջազգային համաձայնագրերի կատարման
իրավակիրառական պրակտիկան՝ առկա թերացումների ու բացթողումների հաղթահարման, ներկա
համաձայնագրի պատշաճ կատարման անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ ապահովելու առումով:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 հունիսի 2001 թվականի
ՍԴՈ - 306