ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 29 հունիսի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ.Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին

2001 թվականի հունվարի 23-ին Թեհրանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ծանոթանալով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն համաձայնագիրը ստորագրվել է 2001 թվականի հունվարի 23-ին Թեհրանում՝ Կողմերի միջեւ կանոնավոր միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման ու իրականացման եւ սահմանված երթուղիների շահագործման նպատակով:

Համաձայնագիրը համահունչ է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում կնքված կոնվենցիայի դրույթներին, որին միացել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը:

Համաձայնագրով Կողմերը փոխպայմանավորվածության հիման վրա իրավունք ունեն նշանակելու ավիաընկերություններ, կատարելու առանց վայրէջքի թռիչքներ միմյանց տարածքով, ոչ առեւտրային նպատակներով վայրէջք կատարելու նշված տարածքում, սույն համաձայնագրին կից հավելվածի երթուղային չվացուցակներում նշված կանգառներում՝ օդանավ վերցնելու կամ օդանավից իջեցնելու ուղեւորներ, փոստ եւ բեռներ, Կողմերի տարածքներում ունենալու իրենց ներկայացուցչությունները, միմյանց տրամադրելու համապատասխան տեղեկատվություն:

Ըստ համաձայնագրի՝ Կողմերը պարտավորվել են նաեւ միմյանց օգնություն ցույց տալ ավիացիոն անվտանգությանն առնչվող հարցերում:

Համաձայնագրով սահմանված են սակագների հաստատման, մաքսատուրքերից եւ այլ հարկերից ազատման, Կողմերի միջեւ ծագած վիճաբանությունների կարգավորման, համաձայնագրի դադարեցման պայմանները եւ կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին 2001 թվականի հունվարի 23-ին Թեհրանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 հունիսի 2001 թվականի
ՍԴՈ - 308

print page Տպել էջը