ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 29 հունիսի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ.Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողներ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Ռ. Պապայանի եւ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին Նյու Դելիում՝ Կողմերի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման եւ իրականացման նպատակով:

Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում՝ կապված ավիաընկերությունների նշանակման եւ լիազորման, ավիացիոն անվտանգության ապահովման, մաքսային տուրքերից եւ այլ գանձումներից ազատման, եկամուտների փոխանցման հետ։

Համաձայնագրում նշվում են փոխադարձ իրավունքների շրջանակները՝ Կողմերի տարածքով առանց վայրէջքի թռիչքներ իրականացնելու, ինչպես նաեւ կանգառի իրավունք տվող պայմաններն ու նպատակները։

Համաձայնագրով նախատեսվում է նաեւ տարաձայնությունների կարգավորման, համաձայնագրում փոփոխությունների կատարման եւ դրա գործողության դադարեցման կարգը:

Համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են տեղեկությունների տրամադրմանը, նշանակված ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագներին, Կողմերի տարածքներում նրանց ավիաընկերությունների ներկայացուցչություններին եւ դրանց առեւտրային գործունեության կարգավորմանը:

Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի միջեւ խորհրդակցությունների անցկացում եւ համագործակցության ապահովում:

Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները եւ այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները՝ միջանկյալ եւ միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:

Համաձայնագրի դրույթները համահունչ են բազմակողմ միջազգային կոնվենցիաներին, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994-1996թթ. ընթացքում: Նմանատիպ երկկողմ համաձայնագրեր հետագայում Հայաստանի Հանրապետության կողմից կնքվել են մի շարք երկրների հետ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին 2000 թվականի դեկտեմբերի 5-ին Նյու Դելիում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 հունիսի 2001 թվականի
ՍԴՈ - 309

print page Տպել էջը