ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԲՆԱԿՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 27 նոյեմբերի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց 1996 թվականի հունվարի 26-ին Ռուսաստանյան Դաշնության Մոսկվա քաղաքում ստորագրված՝ "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ ռուսաստանյան ռազմակայանի կազմի մեջ մտնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին բնակմակերեսով ապահովելու եւ օգտագործելու կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ ռուսաստանյան ռազմակայանի կազմի մեջ մտնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին բնակմակերեսով ապահովելու եւ ռազմակայանին ամրագրված բնակֆոնդը օգտագործելու կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Ռուսաստանյան ռազմակայանի կազմի մեջ մտնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին բնակմակերեսով ապահովելու եւ օգտագործելու կարգի մասին համաձայնագիրը կնքվել է 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվա քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ 1992 թվականի օգոստոսի 21-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանյան Դաշնության զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին եւ 1995 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ կնքված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրերի հիման վրա։

Քննարկվող համաձայնագիրը հաստատում է ռուսաստանյան ռազմակայանին ամրագրված բնակարանային ֆոնդն օգտագործելու ռուսաստանյան ռազմակայանի իրավունքը։

Համաձայնագիրն ստորագրվել է հայերեն եւ ռուսերեն։

Համաձայնագրի գործողության ժամկետը պայմանավորված է 1995 թվականի մարտի 16-ի վերոհիշյալ պայմանագրի գործողության ժամկետով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվա քաղաքում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջեւ ռուսաստանյան ռազմակայանի կազմի մեջ մտնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին բնակմակերեսով ապահովելու եւ օգտագործելու կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 նոյեմբերի 1996 թվականի
ՍԴՈ-31

print page Տպել էջը