ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ԿԻԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 29 հունիսի 2001թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Կ. Գալուստյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Նավթի եւ գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին 1999 թվականի հուլիսի 22-ին Կիեւում ստորագրված հովանոցային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հուլիսի 22-ին՝ Կիեւում։ Համաձայնագրի նպատակն է հաստատել նավթի եւ գազի տեղափոխման միջպետական համակարգի արդյունավետ շահագործումն ապահովող միասնական կանոններ եւ մեխանիզմներ։
2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետեւյալ պարտավորությունները.
- ստեղծել նավթի եւ գազի տեղափոխման միջպետական համակարգեր՝ վերականգնելով առկա համակարգերը, իսկ անհրաժեշտության դեպքում կառուցել նավթի եւ գազի տեղափոխման նոր համակարգեր, ինչպես նաեւ շահագործել եւ սպասարկել այդ համակարգերը,
- համագործակցել միջպետական արտակարգ կոմիտե ստեղծելու նպատակով, որը լիազորված կլինի վերահսկելու նավթի եւ գազի տեղափոխման միջպետական համակարգեր ստեղծելու մասին որոշման իրագործումը,
- սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ներքին օրենսդրությունը չփոփոխել այնպես, որ խախտվեն նավթի եւ գազի միջպետական համակարգի նախագծման, ֆինանսավորման, վերականգնման, կառուցման, տեխնիկական սպասարկման եւ իրագործման պայմանները,
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սույն համաձայնագրի դրույթներն ազգային օրենսդրության մեջ ներառելու եւ իրագործելու համար,
- երաշխավորել սույն համաձայնագրով կամ դրան հետագայում կցվող արձանագրություններով նախատեսված պարտավորությունների պատշաճ եւ ժամանակին կատարումը։
Համաձայնագիրը բովանդակում է նաեւ դրույթներ շրջակա միջավայրի պաշտպանության, վեճերի կարգավորման, լիազորված իրավասու մարմինների, այլ միջազգային պայմանագրերի հետ հարաբերությունների, համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ այլ հարցերի վերաբերյալ։
3. Համաձայնագիրը կոչված է նպաստելու Կողմերի տնտեսական եւ էներգետիկ անվտանգության ապահովմանը, նավթի եւ գազի տեղափոխման գործունեւությունը կարգավորող միջազգային կանոնների եւ փորձառության զարգացմանն ու ներդրումային ռիսկի նվազեցմանը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Նավթի եւ գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին հովանոցային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
29 հունիսի 2001 թվականի
ՍԴՈ - 311