ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001Թ. ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 21 օգոստոսի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2000 թվականի ֆինանսական համագործակցության մասին 2001թ. ապրիլի 11-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ստորագրվել է 2001թ. ապրիլի 11-ին՝ Երեւանում։ Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների միջեւ ֆինանսական համագործակցության միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական եւ տնտեսական զարգացմանը։

2. Համաձայնագիրն իրավական հիմք է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ, համաձայնագրի Կողմերի ընտրությամբ, այլ վարկառուների համար Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից վարկեր ստանալու համար։ Սույն համաձայնագրի հիման վրա նախատեսվում է մինչեւ տասնհինգ միլիոն գերմանական մարկ ընդհանուր գումարի վարկի տրամադրում։

Համաձայնագրում առանձնացված են այն ծրագրերը, որոնց իրականացմանն են նպատակուղղվելու տրամադրվող վարկային միջոցները։ Ընդ որում, նախատեսված է, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այդ վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրերը փոփոխելու հնարավորություն։

Սույն համաձայնագրի հիման վրա տրամադրվող վարկային միջոցների օգտագործման կարգն ու պայմանները կանոնակարգվելու են Վերականգնման վարկերի բանկի եւ վարկառուների միջեւ կնքվելիք պայմանագրերով։

3. Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ սույն համաձայնագրով նախատեսված պայմանագրերի կնքման եւ իրականացման հետ կապված հարկերից ու պետական այլ վճարումներից Վերականգնման վարկերի բանկին ազատելու կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարկերի կամ դրամաշնորհների տրամադրման դեպքում պարտավորվում է նաեւ ապահովել Գերմանական կողմի ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը վարկերի կամ դրամաշնորհների տրամադրումից բխող՝ ուղեւորների եւ ապրանքների փոխադրման իրականացմանը։ Ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 եւ 9 հոդվածների պահանջներին։

4. Սույն համաձայնագրով նախատեսված գումարների տրամադրումը Վերականգնման վարկերի բանկի եւ վարկառուների միջեւ կնքվելիք պայմանագրերի հիման վրա կարող է իրականացվել մինչեւ 2008թ. դեկտեմբերի 31-ը։

Համաձայնագրով նախատեսված է դրա ուժի մեջ մտնելու կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2000 թվականի ֆինանսական համագործակցության մասին 2001թ. ապրիլի 11-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 օգոստոսի 2001թ.
ՍԴՈ - 313

print page Տպել էջը