ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 18 սեպտեմբերի 2001թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ.Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 2000 թվականի նոյեմբերի 14-ին Մադրիդում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000թ. նոյեմբերի 14-ին Մադրիդում՝ երկու երկրների միջեւ ուղեւորների եւ բեռների ավտոտրանսպորտային փոխադրումները կատարելագործելու եւ զարգացնելու նպատակով։
2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետեւյալ հիմնական պարտավորությունները.
- թույլատրել Պայմանավորվող կողմերի փոխադրողներին իրականացնել միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ՝ Կողմերի երկրների միջեւ, տարանցիկ փոխադրումներ կամ փոխադրումներ Կողմերից մեկի եւ երրորդ երկրի միջեւ, օգտագործելով այնպիսի փոխադրամիջոցներ, որոնք գրանցված են այն Կողմի երկրում, որտեղ դրանք տեղակայված են։
Կողմերի նշանակած իրավասու մարմինները համատեղ որոշում են թույլտվություն տալու պայմանները, մասնավորապես, ուղեւորության տեւողությունը, հաճախականությունը, ժամանակացույցը, սակագները՝ արդյունավետ եւ անարգել կանոնավոր փոխադրումներ կատարելու համար,
- Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ժամանակ ենթարկվել ճանապարհատրանսպորտային ոլորտը կարգավորող ազգային օրենսդրությանը եւ այն խախտելու դեպքում կրել լրիվ պատասխանատվություն,
- մյուս Պայմանավորվող կողմի փոխադրամիջոցների քաշի եւ չափերի վերաբերյալ չկիրառել ավելի սահմանափակ պայմաններ, քան այն պայմանները, որոնք նա կիրառում է իր տարածքում գրանցված փոխադրամիջոցների նկատմամբ,
- ազատել ճանապարհային երթեւեկության հարկերից եւ տուրքերից այն փոխադրամիջոցները, որոնք գրանցված են մի Պայմանավորվող կողմի տարածքում եւ ժամանակավորապես մուտք են գործել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք։
3. Համաձայնագրով սահմանվում են Կողմերի միջեւ կանոնավոր եւ ոչ կանոնավոր, ինչպես նաեւ ճոճանակային փոխադրումների իրականացման կարգն ու պայմանները։
4. Պայմանավորվող կողմերը պետք է ստեղծեն համատեղ հանձնաժողով, որը պատասխանատու կլինի սույն համաձայնագրի դրույթների պատշաճ կատարման համար։
Համաձայնագիրը նախատեսում է նաեւ համաձայնագրի դրույթների խախտման հետեւանքները, Պայմանավորվող կողմերի միջեւ վեճերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը։
5. Համաձայնագիրը կոչված է կանոնավոր ավտոտրանսպորտային հաղորդակցություն հաստատել Պայմանավորվող կողմերի միջեւ, որը կարող է նպաստել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ կապերի զարգացմանը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 2000 թվականի նոյեմբերի 14-ին Մադրիդում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
18 սեպտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 315