ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 18 սեպտեմբերի 2001թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի տեղակալ Ա. Ալավերդյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Էստոնիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից
խուսափելը կանխելու մասին 2001 թվականի ապրիլի 13-ին Երեւանում ստորագրված կոնվենցիայում եւ կից արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Ալավերդյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն կոնվենցիան ստորագրվել է 2001 թվականի ապրիլի 13-ին՝ Երեւանում:
Կոնվենցիայի նպատակն է Հայաստանի Հանրապետության եւ Էստոնիայի Հանրապետության միջեւ տնտեսական, գիտական, տեխնիկական ու մշակութային համագործակցության խթանումը եւ ամրապնդումը:
Կոնվենցիայով սահմանվում են այն անձանց շրջանակը, ինչպես նաեւ եկամուտների եւ հարկերի այն տեսակները, որոնց վրա տարածվում են կոնվենցիայի դրույթները:
Կոնվենցիան նախատեսում է կրկնակի հարկման բացառման դեպքերը եւ Կողմերի պարտականությունը՝ իրականացնելու անխտրականության քաղաքականություն միմյանց քաղաքացիների նկատմամբ:
Կոնվենցիայով կարգավորվում է Կողմերի միջեւ հարկման առնչությամբ առաջացող վեճերի լուծման հարցը եւ նախատեսվում է իրավասու մարմինների միջեւ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման հնարավորություն:
Կոնվենցիայի անբաժանելի մասն է կազմում կից արձանագրությունը, որով ճշգրտվում են կոնվենցիայում տեղ գտած որոշ հասկացություններ եւ դրույթներ:
Կոնվենցիան ստորագրվել է երկու բնօրինակով՝ հայերեն, էստոներեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
ՀՀ կողմից կոնվենցիայով ստանձնված պարտավորություններն ամբողջությամբ բխում են տնտեսական գործունեության ազատության եւ միջպետական հարաբերությունների հաստատման, զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 8 եւ 9 հոդվածներում ամրագրված սկզբունքներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Էստոնիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին 2001 թվականի ապրիլի 13-ին Երեւանում ստորագրված կոնվենցիայում եւ կից արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
18 սեպտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 316