ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 2 հոկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ա. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին 2001 մայիսի 2-ին թվականի Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մկրտչյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 2-ին Երեւանում՝ Կողմերի միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու նպատակով:

2. Համաձայնագրով կարգավորվում են առողջապահության եւ բժշկագիտության ոլորտներում Կողմերի միջեւ տեղեկատվության, փորձի, գիտելիքների փոխանակմանը, կադրերի վերապատրաստմանը, ինչպես նաեւ այդ ոլորտի հիմնարկների, ինստիտուտների, հիվանդանոցների միջեւ ուղղակի համագործակցությանը վերաբերող հարաբերությունները:

3. Սույն համաձայնագրի իրականացմանն ու համակարգմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով Կողմերի երեքական ներկայացուցիչներից կստեղծվի համատեղ հանձնաժողով, որի նիստերը հաջորդաբար կգումարվեն Բեյրութում եւ Երեւանում:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված մյուս Կողմի քաղաքացիներին պայմանագրով նախատեսված դեպքերում անվճար բուժօգնություն ցուցաբերելու հետ:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ բխում են միջպետական հարաբերությունների հաստատման եւ զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

6. Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ համաձայնագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողության ժամկետի եւ համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ:

Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն, արաբերեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին 2001 թվականի մայիսի 2-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 317

print page Տպել էջը