ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒ ԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 2 հոկտեմբերի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ս. Բալասանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքների սեյսմոլոգիական մոնիտորինգի համակարգի ստեղծման միջպետական գիտատեխնոլոգիական ծրագրի մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված որոշման մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Բալասանյանի բացատրությունները, հետազոտելով որոշումը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Որոշումն ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում: Որոշման նպատակը միջպետական գիտատեխնոլոգիական ծրագրի (ՍՄՀ ՄԳՏԾ) հիման վրա ԱՊՀ անդամ պետություններում սեյսմիկ մոնիտորինգի համակարգի ստեղծումն է:
2. Ծրագրով նախատեսվում է ստեղծել ընդհանուր տեղեկատվական տարածք՝ սեյսմավտանգ տարածաշրջանների սեյսմոլոգիական մոնիտորինգի միջպետական համակարգի համար, ինչպես նաեւ սեյսմիկ շրջայնացման քարտեզ՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքների համար:
3. Ծրագիրը նախատեսում է նաեւ մշակել անհրաժեշտ մեթոդաբանություն՝ սեյսմիկ վտանգի գնահատման եւ երկրաշարժերի կանխատեսման համար:
4. Ծրագրի անբաժանելի մասն են կազմում հավելվածները, որոնցում ներկայացված են 1998-2001թթ. ՍՄՀ ՄԳՏԾ-ի իրագործման ֆինանսական ծախսերի աղյուսակը, հիմնական միջոցառումների ֆինանսավորման ծախսերի նախահաշիվը, ձեռք բերված հիմնական ցուցանիշների աղյուսակը, սեյսմոլոգիական մոնիտորինգի միջպետական համակարգերի ստեղծում համաշխարհային գիտատեխնիկական մակարդակին համապատասխան՝ սեյսմիկ տվյալների համաշխարհային տեղեկատվական համակարգին միանալու համար: Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում ներդնել հարյուր հիսուն հազար (150.000) ԱՄՆ-ի դոլար:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքների սեյսմոլոգիական մոնիտորինգի համակարգի ստեղծման միջպետական գիտատեխնոլոգիական ծրագրի մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված որոշման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 318