ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 10 հոկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի նոյեմբերի 21-ին՝ Աթենքում, որի նպատակն իրավական հարաբերությունների ոլորտում Կողմերի միջեւ արդյունավետ համագործակցություն հաստատելն է, մասնավորապես՝ քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով: Համաձայնագրով յուրաքանչյուր Կողմի քաղաքացիների համար մյուս Կողմի տարածքում երաշխավորված է իրավական գործերով հավասար հնարավորություններից օգտվելու իրավունք, այդ թվում մյուս կողմի՝ օրենսդրությամբ նախատեսված, դատարաններին եւ այլ դատական մարմիններին ազատորեն դիմելու եւ նրանցում հանդես գալու իրավունք:

2. Համաձայնագրով նախատեսված են իրավական օգնության բնագավառում Կողմերի իրավասու մարմինների՝ միմյանց հետ հաղորդակցվելու պայմաններն ու կարգը, մասնավորապես. այդպիսի օգնության շրջանակները, դատական որոշումների եւ միջնորդ դատարանների որոշումների ճանաչման ու կատարման կարգը, հանցագործության կատարման մեջ մեղադրվող կամ դատապարտված անձանց հանձնման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ համաձայնագրի կատարման նպատակով Կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը: Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ համաձայնագրի 4 հոդվածում նշված «կենտրոնական մարմին» հասկացությունը չի կարող մեկնաբանվել որպես դատարանների կենտրոնական մարմին, այլ այն նույնական է համաձայնագրի 19 հոդվածի 1-ին կետում նշված կենտրոնական մարմնի հասկացության հետ եւ վերաբերում է Պայմանավորվող կողմին:

3. Համաձայնագրով նախատեսված համագործակցության նպատակով Կողմերն ստանձնել են հետեւյալ հիմնական պարտավորությունները.
- խնդրանքի դեպքում միմյանց տրամադրել իրենց երկրներում գործող օրենսդրության վերաբերյալ տեղեկատվություն,
- իրավական օգնությանն առնչվող փաստաթղթերը միմյանց ուղարկել վավերացված թարգմանությամբ, որոնք փոխանցվում են հարցվող կողմի իրավասու մարմիններին՝ այդ մասին տեղեկացնելով հարցում անող կողմին,
- իրավական օգնության վերաբերյալ դիմումները կատարելիս կիրառել հարցվող կողմի օրենսդրությունը՝ անհրաժեշտության դեպքում կատարման տեղի եւ ժամանակի վերաբերյալ տեղեկացնելով հարցում անող կողմին, - իրավական օգնության վերաբերյալ դիմումի մերժման դեպքում դրա պատճառների վերաբերյալ ծանուցել հարցում անող կողմին,
- փորձագիտական աշխատանքների կատարման կամ բանտարկյալների փոխադրման հետ կապված ծախսերի վճարում,
- համաձայնագրում նախատեսված կարգով՝ Կողմերի քաղաքացիներին իրավական օգնության արտոնյալ տրամադրում,
- հարցում անող կողմի պահանջի դեպքում՝ վերջինիս տարածքում որպես վկա, փորձագետ, տուժող կամ հայցվոր հանդես եկող քաղաքացիներին համաձայնագրում նախատեսված պայմաններով անձեռնմխելիության տրամադրում, այդ անձանց ճանապարհածախսի եւ տեղավորման հետ կապված ծախսերի հատուցում՝ հարցում անող կողմի միջոցներով,
- համաձայնագրում նախատեսված կարգով եւ պայմաններով ճանաչել եւ Կողմերի օրենսդրությանը համապատասխան կատարել Կողմերի իրավասու մարմինների կողմից ընդունված եւ փոխադարձ կատարման ենթակա որոշումները,
- համաձայնագրում նախատեսված կարգով եւ պայմաններով, Կողմերի ազգային օրենսդրության ընթացակարգերին համապատասխան հանձնել հանցագործության կատարմանն առնչվող եւ որպես իրեղեն ապացույց դիտարկվող ցանկացած առարկա, ինչպես նաեւ իրականացնել ցանկացած անձի հանձնումը, որը գտնվում է Կողմերից մեկի տարածքում, եւ որի դեմ քրեական մեղադրանք է հարուցված, կամ որի նկատմամբ ի կատար է ածվելու դատավճիռ, ընդ որում, հանձնման ենթակա անձը հարցում անող կողմի տարածքում դատական կարգով չի հետապնդվի կամ պատժվի այլ հանցագործության համար, քան այն հանցագործությունն է, որի համար կատարվել է հանձնումը՝ համաձայնագրում նախատեսված բացառություններով,
- հանձնման խնդրանքը բավարարելիս՝ համաձայնագրում նախատեսված կարգով եւ պայմաններով ձերբակալել համապատասխան անձին, կամ՝ ժամանակավորապես կալանավորել նրան,
- հանձնված անձանց նկատմամբ դատական հետապնդման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների հայտնում:

4. Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ դադարելու ընթացակարգերի վերաբերյալ:

5.Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների հետ ապահովում են բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն: Այդ պարտավորությունները համահունչ են նաեւ պետությունների միջեւ իրավական փոխօգնության, հանցագործության կատարման մեջ մեղադրվող կամ դատապարտված անձանց հանձնման եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում ՄԱԿ-ի, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի, մասնավորապես. Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ 1966 թվականի դեկտեմբերի 16-ի կից կամընտիր արձանագրության, Քաղաքացիական դատավարության մասին 1954 թվականի մարտի 1-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայի, Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի հունվարի 22-ին ստորագրված կոնվենցիայի եւ միջազգային այլ պայմանագրերի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2000 թվականի նոյեմբերի 21-ին Աթենքում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-321

print page Տպել էջը