1987 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 10 հոկտեմբերի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1987 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1987 թվականի նոյեմբերի 26-ին՝ Ստրասբուրգում։ Կոնվենցիայի նպատակն է ազատազրկված անձանց նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխումը։
2. Կոնվենցիայով նախատեսվում է ստեղծել Եվրոպական կոմիտե, որն այցելությունների միջոցով ուսումնասիրելու է ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը՝ անհրաժեշտության դեպքում խոշտանգումներից եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից նրանց պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։
Կոնվենցիան նախատեսում է Կոմիտեի կազմավորման եւ գործունեության կարգը, ինչպես նաեւ լիազորությունների շրջանակը։
3. Կոնվենցիայով յուրաքանչյուր Կողմ ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.
- թույլատրել այցելություն ցանկացած վայր, որտեղ պահվում են պետական մարմնի կողմից ազատազրկված անձինք։ Բացառիկ հանգամանքներում շահագրգիռ իրավասու մարմինները Կոմիտեին կարող են առարկություններ ներկայացնել՝ ելնելով ազգային պաշտպանության, հասարակական անվտանգության նկատառումներից,
- ապահովել ազատազրկված անձանց պահելու վայրերի մասին լիարժեք տեղեկատվությամբ, ինչպես նաեւ այլ տեղեկատվությամբ, որը Կոմիտեին անհրաժեշտ է իր խնդիրներն իրականացնելու համար։ Այդպիսի տեղեկատվության որոնման ընթացքում Կոմիտեն պահպանում է ազգային օրենսդրության նորմերը եւ մասնագիտական էթիկայի կանոնները,
- տրամադրել Կոմիտեին, նրա անդամներին եւ փորձագետներին սույն կոնվենցիայի հավելվածով նախատեսված արտոնությունները եւ անձեռնմխելիությունը։
Կոնվենցիան պարունակում է նաեւ դրույթներ՝ կապված դրա վավերացման, դրա ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարեցնելու կարգի հետ։
Կոնվենցիան ունի հավելված, որով սահմանվում են Կոմիտեի, նրա անդամների եւ փորձագետների արտոնությունները եւ անձեռնմխելիությունը։
4. Կոնվենցիան համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 19 հոդվածների դրույթներին։ Այն կոչված է ուժեղացնելու ազատազրկված անձանց պաշտպանությունը խոշտանգումներից եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1987 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
10 հոկտեմբերի 2001
թվականի
ՍԴՈ-322