1959 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 16 հոկտեմբերի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «1959 թվականի ապրիլի 20-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական կոնվենցիայում (վերապահումներով եւ հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան
ստորագրվել է 1959 թվականի ապրիլի 20-ին Ստրասբուրգում՝ Կողմերի միջեւ քրեական
գործերով փոխադարձ օգնություն տրամադրելու նպատակով՝ այն հանցագործությունների
վերաբերյալ գործերով, որոնց համար պատժելը, խնդրանքը ներկայացնելու պահին, ենթակա
է Հայցող կողմի դատական մարմինների իրավասությանը: Այն ուժի մեջ է մտել 1962 թվականի
հունիսի 12-ից: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2001թ. մայիսի
11-ին՝ համապատասխան արձանագրությամբ, ինչպես նաեւ՝
ա) վերապահումներով՝ կապված 2-րդ հոդվածում նշված իրավական օգնության ցուցաբերման
մերժման պայմաններից բացի, մի շարք այլ դեպքերի, եւ 5-րդ հոդվածին համապատասխան՝
գույքի առգրավման կամ հետախուզման հանձնարարությունների կատարման հետ.
բ) հայտարարություններով, որոնք վերաբերում են ծանուցագրերի ներկայացման ժամկետին,
իրավական օգնության մասին խնդրանքի եւ կից փաստաթղթերի՝ հայերեն կամ Եվրախորհրդի
պաշտոնական լեզուներից որեւէ մեկի հաստատված թարգմանությանը, իրավական օգնության
մասին հանձնարարությունների պատճենը ՀՀ արդարադատության նախարարությանը փոխանցելուն:
24-րդ հոդվածով նախատեսված «դատական մարմիններ» հասկացության առնչությամբ Հայաստանի
Հանրապետությունը ներկայացնում է դատական իշխանության եւ գործադիր իշխանության այն
մարմիններին, որոնք անմիջականորեն սույն կոնվենցիայով նախատեսված հարաբերությունների
սուբյեկտներ են հանդիսանում:
2. Կոնվենցիայով նախատեսվում է, որ համագործակցության ընթացքում Կողմերը միմյանց հետ հաղորդակցվելու են արդարադատության նախարարությունների, իսկ հրատապ դեպքերում՝ կոնվենցիայով նախատեսված այլ իրավասու մարմինների միջոցով: Կոնվենցիան չի կիրառվում ձերբակալությունների, դատավճիռների կատարման կամ այն զինվորական հանցագործությունների նկատմամբ, որոնք ընդհանուր քրեական իրավունքով հանցագործություն չեն համարվում:
3. Կոնվենցիայով սահմանվում են օգնության մերժման հիմքերը, կարգավորվում են իրավական օգնության մասին հանձնարարությունների կատարման, ծանուցագրերի եւ դատավճիռների հանձնման, վկաների, փորձագետների եւ դատական կարգով հետապնդվող անձանց ներկայանալու հետ կապված հարաբերությունները, սահմանվում է փոխադարձ օգնության ընթացակարգը, կարգավորվում են փոխադարձ օգնության տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ:
4. Կոնվենցիայով նախատեսվում է, որ կոնվենցիան՝ այն երկրների առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է, փոխարինում է ցանկացած պայմանագրի, կոնվենցիայի կամ երկկողմ համաձայնագրի դրույթների, որոնք կարգավորում են յուրաքանչյուր երկու Պայմանավորվող կողմերի միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության հարցերը:
5. Կոնվենցիայում նախատեսված են նաեւ դրույթներ՝ Կողմերի համար կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, դրա գործողության ժամկետի եւ կոնվենցիայի գործողության դադարեցման վերաբերյալ: Կոնվենցիան կնքված է մեկ բնօրինակով՝ անգլերեն եւ ֆրանսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են: Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1959 թվականի ապրիլի 20-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական կոնվենցիայում (վերապահումներով եւ հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ- 324