ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 16 հոկտեմբերի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների իրագործմանն աջակցելու եւ փոխադարձ պաշտպանության մասին 2001 թվականի մայիսի 26-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 26-ին՝ Երեւանում: Համաձայնագրի նպատակը տնտեսական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումն է, ինչպես նաեւ ներդրումների իրագործմանն աջակցությունը եւ պաշտպանությունը։
2. Համաձայնագրով կարգավորվում են ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տնօրինման եւ այլ հարցեր, որոնց նկատմամբ չի կարելի կիրառել անարդար եւ խտրական միջոցներ, ինչպես նաեւ սահմանված է, որ Կողմերն իրենց տարածքներում միմյանց ներդրողների ներդրումների աջակցության համար կստեղծեն եւ կապահովեն նպաստավոր տնտեսական եւ իրավական պայմաններ։
3. Համաձայնագիրը երաշխավորում է Կողմի ներդրողներին համապատասխան ֆինանսական պարտավորությունների կատարումից հետո ներդրումների հետ կապված բոլոր միջոցների ազատ փոխանցումը։
4. Համաձայնագիրը նախատեսում է առանձին դեպքերում՝ օրենսդրությանը համապատասխան, համարժեք փոխհատուցմամբ, սեփականության օտարման հնարավորություն։
5. Համաձայնագրով սահմանված է նաեւ ներդրումների հետ առնչվող վեճերի լուծման կարգը։
6. Կողմերը պարտավորվել են ներդրումների եւ ստացված եկամուտների նկատմամբ կիրառել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իր սեփական կամ երրորդ պետության ներդրողի ներդրումների նկատմամբ, ինչպես նաեւ փոխհատուցել պատերազմի, արտակարգ իրավիճակների եւ այլ հանգամանքների հետեւանքով պատճառված վնասները։
7. Համաձայնագիրը կոչված է նպաստելու հայ-բելառուսական միջպետական տնտեսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը եւ համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9 եւ 28 հոդվածների դրույթներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների իրագործմանն աջակցելու եւ փոխադարձ պաշտպանության մասին 2001 թվականի մայիսի 26-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 325