ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 16 հոկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ.Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Է. Ղազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջեւ կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել 2001 թվականի հոկտեմբերի 2-ին սահմանադրական դատարանում մուտքագրված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ.Պապայանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է.Ղազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 26-ին Երեւանում՝ երկու պետությունների միջեւ կրթության բնագավառում երկկողմանի համագործակցության զարգացման նպատակով:

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են իրականացնել փորձի փոխանակում մանկավարժության բնագավառում, համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարում, համատեղ մասնակցություն կրթության բնագավառում միջազգային ծրագրերին, սեմինարներին եւ այլ միջոցառումներին, ինչպես նաեւ նախատեսում են ուսանողների փոխանակում, ընդհանուր մրցութային հիմունքներով մի Կողմի քաղաքացիների ընդունելություն մյուս Կողմի ուսումնական հաստատություններում: Ստանձնած պարտավորությունների շարքում նշված է կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման երաշխավորումը, մի Կողմի ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծումը մյուս Կողմի տարածքում եւ այլն: Կողմերը նաեւ մտադրություն են հայտնում՝ նպաստելու միմյանց պատմության, աշխարհագրության ու գրականության ուսումնասիրմանը, հայերենի եւ բելառուսերենի ամառային դասընթացների անցկացմանը:

Նախատեսված է ծագող վեճերը լուծել բանակցությունների եւ խորհրդակցությունների միջոցով, հնարավոր փոփոխություններն ու լրացումները ձեւակերպել համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող եւ համապատասխան կարգով վավերացման ենթակա առանձին արձանագրություններով:

Համաձայնագիրը կնքված է երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն եւ ռուսերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են, տարաձայնությունների դեպքում կգերադասվի ռուսերեն տեքստը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջեւ կրթության բնագավառում համագործակցությանմասին 2001 թվականի մայիսի 26-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ էմտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 326

print page Տպել էջը